Սարդարապատի թանգարանի տնօրենը հաշվեհարդար է տեսե՞լ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 23, 2012 7:00

Սարդարապատի թանգարանի ոչ նյութական մշակույթի բաժնի արդեն նախկին վարիչ Սուսաննա Մելիքյանը ս.թ. ապրիլի 17-ին դիմել է դատարան՝ բողոքարկելու թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի՝ իրեն աշխատանքից հեռացնելու մասին հրամանը:

 2011 թ. դեկտեմբերի 28-ին տնօրենի հրամանով Սուսաննա Մելիքյանի հետ կնքված  աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է: Մելիքյանը դիմել է Աշխատանքի պետական տեսչություն և պարզել, որ տնօրենի հրամանն իրավական ուժ չունի, քանի որ այն հիմնված է անվավեր պայմանագրի վրա: Բանն այն է, որ տնօրենն աշխատակիցների հետ կնքել է մի պայմանագիր, որը հակասում է աշխատանքային օրենսգրքին:

 Աշխատանքի պետական տեսչությունը Մելիքյանին տեղեկացրել է, որ իր բողոքի հիման վրա իրենք  վարչական վարույթ կբացեն և տեղում կստուգեն թանգարանում տիրող իրավիճակը, կտուգանեն տնօրենին և կպահանջեն, որ բոլոր պայմանագրերը վերանայվեն, իրեն աշխատանքից ազատելու հրամանն էլ անվավեր ճանաչվի:

Ս.թ. փետրվարի 8-ին տեսչությունն իրականացրել է վարույթ. ըստ նախնական պայմանավորվածության, վարչական վարույթի իրականացման նպատակով պետք  է տեսչության իրավաբանական վերահսկողության վարչությունում հանդիպեին թանգարանի տնօրենը և Մելիքյանը: Սակայն հանդիպումը կայացել է առանց  գիտաշխատողի ներկայության. «Մինչ ես միջանցքում սպասում էի, որ ինձ ներս հրավիրեն, այդ ընթացքում մեր տնօրենը մտավ սենյակ և երկար ժամանակ անց դուրս եկավ ու գնաց»,-պատմում է Սուսաննա Մելիքյանը:

Երբ Մելիքյանը վարչության պետից հետաքրքրվել է, թե երբ է սկսվելու քննարկումը,  պարզվել է, որ այն արդեն տեղի է ունեցել: Վարչության պետն էլ, իբր միամտաբար, հարցրել է. «Իսկ դուք ինչո՞ւ ներս չմտաք»: Այնուհետև նա Մելիքյանին հայտնել է, որ իրենք թանգարանի տնօրենի առջև դրել են բոլոր փաստարկները՝ նշելով, որ նա օրենքը խախտել է, սակայն տնօրենը հրաժարվել է ընդունել իր մեղքը, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և ասել՝ ոչ:

Վարչության պետը Սուսաննա Մելիքյանին տեղեկացրել է, որ Աշխատանքի պետական տեսչությունը լծակներ չունի տնօրենի վրա այլ կերպ ազդելու, և այդ հարցը պետք է լուծվի դատարանի միջոցով: Սակայն դատարան դիմելու միամսյա ժամկետն արդեն անցել էր: «Որոշ փաստաբաններ ասում են, որ կարող եմ դիմել դատարան, սակայն  դատարանն էլ կարող է հայցը մերժել ժամկետի պատճառով,-«Անկախի» հետ զրույցում ասաց Սուսաննա Մելիքյանը,-իսկ որոշ փաստաբաններ նշում են, որ քանի որ ես այդ ընթացքում պարապ չեմ նստել, դիմել եմ Աշխատանքի տեսչություն, ՊՆ նախարարին՝ վերադասության կարգով, փորձել եմ հարցը լուծել այլ օրինական ճանապարհներով, ապա անաչառ դատարանը պարտավոր է այդ ժամկետը հարգելի համարել և հայցն ընդունել»:

Իրականում Սուսաննա Մելիքյանը ներկայիս պայմաններում անիմաստ է համարում թանգարանում աշխատելը, քանի որ ասում է, որ այնտեղ արդեն «ոչ մի լուսավոր գլուխ չի մնացել, ոչ ոք չի համարձակվում ասել՝ ոչ, մարդիկ իրենց շահերը չեն կարողանում պաշտպանել…»:

Փոխարենը թանգարանի 30 տարվա գիտաշխատողը չի հանդուրժել Սարդարապատի թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի կողմից իրականացվող քայլերը, որոնք, իր կարծիքով,  լարված աշխատանքային մթնոլորտ են ստեղծում, իսկ նրա ոչ պրոֆեսիոնալ գործողությունները վնասում են թանգարանը: Դա է պատճառը, որ գիտաշխատողի և տնօրենի հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են լարվել և  ի վերջո հանգեցրել աշխատողին աշխատանքից ազատելու հրամանին:

Տնօրենը չէր հանդուրժում, որ իր աշխատակիցը դիմում էր համապատասխան կառույցներին՝ այս կամ այն խնդրի բարձրաձայնման նպատակով: Իսկ խնդիրներից ամենահրատապը ժամանակին Սարդարապատի թանգարանի կենտրոնական ցուցանմուշ հանդիսացող «Հայկական լեռնաշխարհ» մանրակերտի հարցն էր:

Հիշեցնենք, որ 2010 թ. մայիսի 27-ի գիշերը այն քանդվել ու  հանվել է և  տեղափոխման ժամանակ կոտրվել: Մանրակերտը փոխարինվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցադրությամբ:

Սուսաննա Մելիքյանը կարծում է, որ ճարտարապետին վերաբերող ցուցադրությունը կարելի էր իրականացնել թանգարանի մեկ այլ սրահում` չխախտելով թանգարանի հիմնական ցուցադրության թեմատիկ-ժամանակագրական ու տրամաբանական կառուցվածքը և գլխավոր հայեցակարգային սկզբունքը: Չէ՞ որ 30 տարվա մանրակերտը բազում հեղինակավոր մասնագետների, համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների եզրակացությամբ և թանգարանի գիտական խորհրդի հաստատմամբ` վաղուց կայացած ու սիրված էր, ընդունված ժողովրդի կողմից:

Ի պատասխան այդ առթիվ բարձրացված աղմուկի, տնօրենն այդ ժամանակ պատասխանել է, որ մանրակերտն ապամոնտաժվել է, քանի որ վաղուց հնացած է և չի համապատասխանում այսօրվա պահանջներին: Տնօրենը նաև հավաստիացրել է, որ  առաջիկայում դրա փոխարեն կդրվի նորը: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ մանրակերտին փոխարինելու էր ոչ թե դրա նոր տարբերակը, այլ բոլորովին այլ բան. շուրջ երկու տարի անց այդ հատվածում տեղադրվեց մի մոնիտոր, որով ցուցադրվում է հայկական լեռնաշխարհի մասին պատմող հոլովակ:

Սուսաննա Մելիքյանի կարծիքով` մանրակերտն այնպիսի խնդիր է լուծում, որը մոնիտորը չի կարող լուծել. «Դա կենդանի նմուշ էր, իսկ մոնիտորի մեջ ոչ մի օրիգինալ բան չկա, դրանով ոչ մեկին չես զարմացնի»,- ասում է նա:

Տնօրենի և գիտաշխատողի միջև լարվածությունը, սակայն, այլ պատճառներ էլ ուներ` թանգարանային նմուշների վնասում ոչ ճիշտ պայմաններում պահվելու հետևանքով (միայն վերջերս 4 պարկապզուկ էր վնասվել` անձրևաջրերի ներթափանցումից), «ստալինյան ռեժիմ» աշխատակիցների նկատմամբ, տնօրենի կողմից միանձնյա որոշումների կայացում՝ առանց գիտական խորհրդի հետ քննարկման և այլն: «Փաստորեն, տնօրենն իմ նկատմամբ հաշվեհարդար տեսավ, քանի որ ես չէի լռում` տեսնելով թանգարանում ստեղծված իրավիճակը»,-ենթադրում է նա:

Սուսաննա Մելիքյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ փորձեցինք հիմնավորում ստանալ Սարդարապատի թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանից, սակայն վերջինս նշեց, որ ընդհանրապես չի ուզում հիշել իր նախկին աշխատակցուհուն, և այդ թեմայով խոսելն իր համար տհաճ է:

Ի դեպ, մինչև աշխատանքից ազատվելը Սուսաննա Մելիքյանը դիմում է գրել նաև Հանրային խորհրդին՝ առաջարկելով «Սարդարապատ»-ի հիմնախնդիրները քննարկել ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում: Մինչ հարցը կընդգրկվեր ենթահանձնաժողովի օրակարգ, նա արդեն աշխատանքից ազատվել էր:

Սարդարապատի թանգարանին վերաբերող հարցերն ընդգրկված էին ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի ս.թ. ապրիլի 20-ի նիստի օրակարգում: Այդ օրը մի շարք մտավորականների ներկայությամբ քննարկվեցին թանգարանի որակյալ մասնագիտական կազմին, ղեկավար կազմի կամ գիտական կառավարման մեխանիզմներին (մասնագետ տնօրե՞ն, թե ապարատային չինովնիկ), գիտական խորհրդի գործունեությանը  (կոլեգիալ կառավարման լիազորություններ ունեցո՞ղ, թե՞ թղթի վրա ձևական խորհրդակցական մարմին, որը երբեք չի գործում), ինչպես նաև թանգարանի կարգավիճակին  վերաբերող մի շարք հարցեր: Քանի որ թանգարանին վերաբերող խնդիրները հրատապ էին, իսկ քննարկմանը չէր մասնակցում թանգարանի տնօրենը, որոշվեց հարցը մեկ անգամ ևս դնել քննարկման, սակայն թանգարանում` բոլոր շահագրգիռ կողմերի ներկայությամբ:

Դիտվել է 2346 անգամ:
Print Friendly

Leave a Reply