Նախընտրական խոստումները սոցիալական ոլորտում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 19, 2012 13:35

Կուսակցություններն իրենց ծրագրերը ներկայացրել են հնարավորինս գեղեցիկ ու շքեղ բառերով, վերամբարձ արտահայտություններով՝ մի խոսքով, պայծառ ապագայի խոստումներով: Սակայն կարդալով այդ ծրագրերը` մի բնական հարց է առաջանում` ինչպե՞ս են իրականանալու դրանք: Այդ ինչպեսն է, որ շատ ծրագրերում բացակայում է:

Ուսումնասիրում ենք իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի սոցիալական մասը. ՀՀԿ-ն ներկայացնում է, թե ինչպես է վերացնելու սոցիալական անհավասարություն ծնող պատճառները: Առաջին հերթին աշխատունակ խոցելի խավերի համար հասանելի է դարձնելու կրթությունը և աշխատանքը, պետության կողմից ֆինանսավորումն ու օժանդակությունն ուղղելու է այդ հնարավորությունների ստեղծմանը՝ աշխատելու և կրթվելու կարիքների ու կարողությունների բացահայտման միջոցով, միաժամանակ անաշխատունակ քաղաքացիների համար շեշտադրելու է թիրախային օգնության ավելացումը: Իսկ թե դրանք ինչ մեխանիզմներով են իրականանալու, ցավոք, հստակեցված չէ:

Կենսաթոշակային բարեփոխումների մասով կուսակցությունը սկսելու է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթացը` երաշխավորելով ապահով և արժանապատիվ ծերություն: Քաղաքացիների կենսաթոշակային-կուտակային հաշիվների միջոցները պետության կողմից կրկնապատկվելու են՝ խրախուսելով խնայողությունների առաջացումը և կրճատելով աշխատավարձերի վճարման գործում առկա ստվերայնությունը:

Միայնակ տարեցների և խնամքի կարիք ունեցող հաշմանդամների համար ՀՀԿ-ն իրականացնելու է խնամքի, սպասարկման, խորհրդատվության, իրավաբանական օգնության տրամադրման ծրագրեր՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման միջոցով:

Մատչելի բնակարանային ֆոնդի ազգային ծրագրի շրջանակներում ՀՀԿ-ն ավելացնելու է «Մատչելի բնակարան» և «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրերի ծավալները. երիտասարդների համար ներդրվելու են պետության կողմից սուբսիդավորվող վարկային նոր գործիքներ՝ կրթվելու և սոցիալական այլ խնդիրներ հոգալու նպատակով: Հիշեցնենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը հասարակության շրջանում այնքան էլ վստահություն չի վայելում, քանի որ դրանից օգտվել ցանկացողները բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում և հիմնականում մերժվում են:

Ծնելիության խթանման համար ավելանալու է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդին պետական աջակցության ծրագրերի ծավալները: Կրկին ստույգ նշված չէ, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը:

Ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն, այս դեպքում, օրինակ, հստակ նշում է, որ կսահմանվի մինչև 7 տարեկան երեխաների ամենամսյա նպաստ. առաջին երեխայի դեպքում` 20.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում՝ 25.000 դրամ, երրորդ երեխայի դեպքում` 40.000 դրամ, չորրորդ, հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում` 60.000 դրամ: Հինգ և ավելի երեխա ունեցող ընտանիքներին անհատույց կտրամադրվի բնակարան:

Ի տարբերություն շատ կուսակցությունների, ՀՅԴ-ի ծրագիրը շատ ավելի հստակ է: Կուսակցությունը խոստանում է նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թ. դարձնել մոտ 63 հազար դրամ ներկայիս 32.500 դրամի փոխարեն, քաղծառայողների բազային աշխատավարձը դարձնել մոտ 76 հազար դրամ` ներկայիս  40.000 դրամի փոխարեն, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը` մոտ 63 հազար դրամ՝ ներկայիս 31.255 դրամի փոխարեն:

ՀՅԴ-ն նախատեսում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունները դարձնել անվճար ամբողջ երկրի տարածքում, իսկ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձը` միջինը 110 հազար դրամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրն իրենից ներկայացնում է հիմնական դրույթներից բխող գաղափարախոսություն: Սոցիալական մասով գրված է. «Սոցիալական արդարության և յուրաքանչյուրի համար որակյալ կյանքի ապահովման հասնելու հիմնական միջոցը հասցեական սոցիալական քաղաքականության իրականացումն է»: Նաև նշված է, որ ԲՀԿ-ն ձգտելու է սոցիալական աջակցության նպատակով կատարվող վճարումների այնպիսի բարձրացման, որը հնարավորություն տա ապահովելու առնվազն կենսապահովման անհրաժեշտ նվազագույն մակարդակ:

Ցավոք, բացի գաղափարական մասից, ավելին մեզ չհաջողվեց իմանալ այդ ծրագրից, քանի որ ԲՀԿ-ի կայքում ընդամենը զետեղված է քարոզչական բուկլետի pdf տարբերակը, որում բնական է` ամբողջական ծրագիրը ներառված չէ (եթե, իհարկե,այն գոյություն ունի): Ի դեպ, երբ փորձեցինք ԲՀԿ կուսակցության գրասենյակ զանգահարել և ճշտել` որտեղից կարող ենք վերցնել նախընտրական ծրագրի ամբողջական մասը, աշխատակցուհին հայտնեց, որ համացանցում դրանից բացի ուրիշ փաստաթուղթ չկա: Ենթադրելով, որ միգուցե այդ աշխատակցուհին իրազեկ չէ, խնդրեցինք ԲՀԿ մամլո քարտուղարի հեռախոսահամարը, բայց պարզվեց` դա էլ հնարավոր չէ. հեռախոսավարուհին խիստ տոնով պատասխանեց, որ չի կարող մամլո պատասխանատուի բջջային հեռախոսահամարը տալ: Իսկ պարզաբանմանը, որ մենք չենք էլ պահանջում նրա բջջային հեռախոսահամարը, այլ ցանկանում ենք ընդամենը աշխատանքային համարը, աշխատակցուհին պատասխանեց. «Աշխատանքային համար էլ չկա»:

Հայ ազգային կոնգրեսը սոցիալական մասով կենսաթոշակային բարեփոխման ծավալուն  ծրագիր է ներկայացրել, որը խարսխված է հետևյալ սկզբունքների զուգակցման վրա. քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունը դրվում է պետության, գործատուի և քաղաքացու վրա, կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը ձևավորվում է պետական պարտադիր վճարումներից, լրացուցիչ կենսաթոշակի աղբյուրը քաղաքացիների կամավոր և գործատուների պարտադիր վճարումներն են, «աշխատողը վճարում է այսօրվա չաշխատողի համար» ներկայիս սկզբունքին զուգահեռ պետք է գործի նաև «այսօրվա աշխատողը վճարում է իր վաղվա օրվա համար» սկզբունքը։

ՀԱԿ-ը նաև կարծում է, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի միջոցով ստացվող թոշակների միջին մեծությունը կարճ ժամանակում միջին աշխատավարձի նկատմամբ ներկայիս 20 տոկոսից պետք է հասցնել 30-ի, հետագայում, ընդհանուր կենսաթոշակի տեսքով, մինչև 45-50 տոկոսի։

«Ժառանգությունը» նույնպես առաջնային է համարում նվազագույն կենսաթոշակի և աշխատավարձի բարձրացումը. Նախատեսվում է 2012-ին աշխատավարձը հասցնել 80.000 դրամի` ամեն հաջորդ տարի ավելացնելով 10.000 դրամով` գնաճին համարժեք հավելումներին զուգահեռ, պետական հատվածի աշխատողների թվում պետծառայողների և քաղծառայողների բազային պաշտոնական դրույքաչափը սահմանել 111.000, իսկ միջին աշխատավարձը` 200.000 դրամ:

«Ժառանգությունը» կարծում է, որ պետք է ընդունել նոր աշխատանքային օրենսգիրք և փոփոխություններ մտցնել «Աշխատանքի վարձատրության մասին» և «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքներում` դրանք փոխկապակցելով նվազագույն աշխատավարձի հետ: Ի դեպ, «Ժառանգության» ծրագրի սոցիալական մասում մի ուշագրավ կետ էլ կա, որը գոնե թղթի վրա կարծես թե անուշադրության է մատնված այլ կուսակցությունների ծրագրերում. մանկատների շրջանավարտներին անհատույց վարձակալության հիմունքներով բնակարանով ապահովելու նպատակով պետբյուջեից տարեկան հատկացնել առնվազն 500 մլն դրամ: Այստեղ տեղին է հիշել մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը, որը մի քանի տարի առաջ մեկնարկեց և մի շարք չարաշահումների հետևանքով անհաջողության մատնվեց:

Բավականին բոցաշունչ է «Օրինաց երկիր» կուսակցության սոցիալական ծրագիրը. առաջնորդվելով «չպետք է լինեն աշխատավարձեր, որոնցով հնարավոր չէ ապրել» գաղափարախոսությամբ` ՕԵԿ-ը ձգտելու է ՀՆԱ-ում աշխատավարձի բաժնեմասի կտրուկ բարձրացմանը, իսկ մեծահարուստը պետք է ավելի շատ հարկ վճարի, քան շարքային քաղաքացին:

Ըստ ՕԵԿ-ի` առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը պետք է դարձնել 100.000, երկրորդ երեխայի համար` 200.000, երրորդ երեխայի համար` 500.000, չորրորդ երեխայի համար` 600.000, հինգերորդ երեխայի համար` 1մլն. դրամ: Երիտասարդ ընտանիքներին էլ պետք է պետական երաշխավորությամբ ցածր տոկոսադրույքներով հիփոթեքային երկարաժամկետ վարկեր տրամադրել` որդեգրելով զեղչեր տրամադրելու սկզբունքը. առաջին երեխայի ծնվելու դեպքում` 10 տոկոս, երկրորդի դեպքում` 25 տոկոս, երրորդ երեխայի ծննդյան դեպքում` 50 տոկոս, չորրորդի դեպքում` 75 տոկոս, հինգերորդի դեպքում` վարկի լրիվ մարում:

Ի տարբերություն նոր կուսակցությունների` Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գալիս է` իր հետ վերցրած այն լավը, ինչ տեսել է սովետական 70 տարիներին: Կոմկուսի համար ուղեցույց է Սոցիալիստական Չինաստանը: Եթե գա իշխանության, Կոմկուսն աստիճանաբար կանցնի անվճար բնակարան տրամադրելու, անվճար կրթության ու անվճար առողջապահության համակարգի, տարիքավոր կենսաթոշակառուներին էլ կտրամադրի ստացիոնար բուժման հնարավորություն:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ նպատակ ունի ձևավորել դեմոկրատական սոցիալիզմի համակարգ: Հիմքում ունենալով մեր երկրի առանձնահատկությունները և օգտվելով չինական փորձից` հասնել եվրոպական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների կողմից կենսագործվող դեմոկրատական սոցիալիզմի համակարգի մակարդակին: Այդ նպատակով  Դեմկուսը նախ Սահմանադրության «սոցիալական պետություն» անորոշ ձևակերպումը կփոխարինի «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պատասխանատվություն է կրում քաղաքացու և հասարակության առջև» բառերով:

Երկրի հայաթափումը կանխելու համար Դեմկուսը երիտասարդ, նորաստեղծ ընտանիքին, որն սպասում է առաջնեկի ծնունդին և սոցիալապես խոցելի խավից է, 10 տարի ժամկետով կտրամադրի արտոնյալ վարկ գյուղում տուն կառուցելու, քաղաքում բնակարան ստանալու համար: Վարկի առանձնահատկությունն  այն կլինի, որ յուրաքանչյուր երեխայի ծնունդով վարկը որոշակի տոկոսով կմարվի: 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող, կենսապահովման բավարար միջոցներից զուրկ ընտանիքների յուրաքանչյուր երեխային կտրամադրվի ամենամսյա սոցիալական նպաստ և այլն:

Հասարակությանն արժանապատիվ կյանք և ապահով ապագա կերտելու համար «Միավորված հայեր» կուսակցությունը մշակում է ծրագրեր, որոնց առաջնահերթ նպատակն է սոցիալական արդարության հաստատումը, սոցիալ-տնտեսական կայունության  ապահովումը, դոտացիոն համակարգի կատարելագործումը, ընտանիքի կենսամակարդակի բարձրացումը, անապահով խավերի բժշկական և կրթական խնդիրների լուծումը: Այստեղ նույնպես ծրագիրը հենված է գաղափարական հենքի վրա, իսկ գործողություններն ու քայլերը բացակայում են:

Դիտվել է 2132 անգամ:
Print Friendly

Leave a Reply