Մեկնարկեցին Հայաստանի ուսանողական մարզական խաղերը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 10, 2009 15:55
Երևանի «Սպարտակ» մարզադաշտում մեկնարկեցին Հայաստանի ուսանողական մարզական խաղերը: Ուսանող մարզիկները և մարզուհիներն ուժերը չափեցին 1000 և 500 մ կրոսավազքերում:
Ստուգատեսի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը:
Հանդիսությանը ներկա էին ՀԱՕԿ-ի փոխնախագահներ, ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, Երևանի մարզական քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը, բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների վարիչներ և այլք:
Խաղերի ծրագրում են կրոսավազքը, շախմատը, սեղանի թենիսը, բասկետբոլը, վոլեյբոլը: Մրցումները կավարտվեն դեկտեմբերին:
Մտահոգվելու առիթներ կան. խաղերի բացման արարողությանը մասնակցում էին միայն Հայաստանի 10 բուհերի ներկայացուցիչներ: Իսկ ընդհանուր հաշվով՝ մասնակցելու հայտ է ներկայացրել Հայաստանի երկու տասնյակ բուհի ֆիզկուլտուրային կոլեկտիվ: Փաստը տագնապալի է, քանի որ Հայաստանում կա 8 տասնյակից ավելի բուհ: «Սպարտակ» մարզադաշտն էլ, որում կազմակերպվել էին կրոսավազքի մեկնարկները, անմխիթար վիճակում է: Մարզաբազայյի տեր հանդիսացող «Հայաստան» մարզական միությունը, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան ի վիճակի չեն վերանորոգման համար անհրաժեշտ ծախսեր կատարել: «Հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկումներ սկսել, թե ինչ կարելի է անել ընդհանրապես սովորողների շրջանում ֆիզկուլտուրան և սպորտը բարելավելու ուղղությամբ: Ծրագրեր կկազմվեն, քայլեր կարվեն, և տեղաշարժն էլ չի ուշանա »,-ասաց Ստեփանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
