Կուսակցությունը ֆիքսված անդամավճարների չափ չունի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 19, 2012 13:19

Ապրիլի 17-ին «Կովկաս» ինստիտուտում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ինստիտուտի հետազոտական ծրագրերի վարիչ Նինա Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանում մինչ այժմ եղած բոլոր տրամաչափի ընտրություններում էլ կուսակցություններն ու առանձին քաղաքական գործիչները  ոչ թե ներկայանում են իրենց մրցունակ, կոնկրետ և էական  ծրագրերով, այլ ուժի ցուցադրությամբ` ուժային պայքարով: Այսինքն` կուսակցություններն ու գործիչներն իրենց նախընտրական քարոզչությունը կառուցում են ոչ թե իրենց ծրագրերի ներկայացման, այլ իրենց ուժը ցուցադրելու սկզբունքով, թե ով կհաղթի, ով ավելի շատ ռեսուրս ունի, ով ավելի շատ համախոհ ունի, ով «անցնելու» ավելի մեծ հավանականություն ունի:

Այս համոզմունքը հավանաբար արդարացի է, քանի որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ իր սոցիոլոգիական հետազոտությունները ներկայացնելիս քանիցս շեշտել է, որ գոյություն ունի այսպես ասած «հաղթողների կուսակցություն», որը միշտ վճռորոշ դեր է խաղում ցանկացած ընտրության ժամանակ: Ասել է թե` դրանք այն մարդիկ են, որոնք ընտրություն են կատարում ոչ թե ծրագրային կամ գաղափարական համոզմունքներից ելնելով, ոչ թե ընտրակաշառքով կամ խոստումներից ելնելով, այլ պարզապես միշտ ընտրում են այն ուժին կամ գործչին, որին համարում են ընտրություններում հավանական հաղթող: Որովհետև այս մարդկանց դուր է գալիս ընտրություններից հետո համարվել հաղթող թեկնածուի աջակից կամ հաղթող թիմի անդամ:

Այսպիսով, այս մեր հայրենի քաղաքական դաշտի խաղացողները դասը լավ են սովորել, և ամեն ընտրությունից առաջ փորձում են ցույց տալ, որ իրենք հզոր են, մարդկային և նյութական հզոր ռեսուրսներ ունեն, ընտրություններում հաղթելու լուրջ հնարավորություններ:

Բացառություն չէ նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի նախագահը կուսակցության վերջին համագումարի ժամանակ հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունն ունի մոտ 170 հազար անդամ: Առիթ չունենք չհավատալու այս հայտարարությանը, բայց և չենք կարող արգելել մեզ տրամաբանական ու պարզ թվաբանական հարցեր չտալ, քանի որ այն լուրջ հիմքեր է տալիս կարծելու, որ ՕԵԿ-ի նախագահի այս պնդումը, մեղմ ասած, չափազանցված է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է համամասնական կարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրերը: Դրանցում նշված են կուսակցություններին պատկանող անշարժ, շարժական, թանկարժեք գույքը, դրամական միջոցները, եկամուտները` ըստ կարգի և օրենքի:

Եվ այդ հայտարարագրերի ՕԵԿ-ին վերաբերող մասում աչքի է ընկնում մի հետաքրքիր փաստ: Մեջբերում ենք. «ՕԵԿ-ը միանձնյա սեփականության իրավունքով 765 քմ տարածք ունի Երևան քաղաքի Աբովյան փողոցում: Ունի երկու ավտոմեքենա` 1990 թ. արտադրության ՎԱԶ 2107 և 2000 թ.արտադրության Օպել V: Թանկարժեք գույք չունի, բաժնեմաս որևէ կազմակերպությունում չունի, ավելի քան 3 մլն դրամի դրամական միջոց ունի: Եկամուտներից ավելի քան 10 մլն-ը գոյացել է անդամավճարների հաշվին, մոտ 3 մլն դրամ տրամադրվել է պետբյուջեից»:

Հետաքրքրական է անդամավճարների հաշվին գոյացած` «ավելի քան 10 մլն դրամը»:

Կուսակցության մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանից փորձեցինք ճշտել, թե որքան անդամավճար է մուծում յուրաքանչյուր օրինացերկրական, որպեսզի պարզենք, թե իրականում քանի անդամ ունի ՕԵԿ-ը, կամ իրականում ինչքան եկամուտ կարող էր ունենալ կուսակցությունը` գոյացած անդամավճարներից:

«Ֆիքսված չափ գոյություն չունի, ով ինչքան կարողանում, այնքան էլ մուծում է»,- ասաց Հարություն Ամիրյանը:

Այժմ փորձենք պարզ հաշվարկով ճշտել ՕԵԿ-ի ներկայացրած թվերի հավաստիությունը: Ասենք` ՕԵԿ-ի ամսական նվազագույն անդամավճարը 100 դրամ է: Ամեն կուսակցական տարեկան պետք է վճարի 1200 դրամ: Իսկ եթե 1200 դրամը բազմապատկենք անդամների թվով` 170 հազարով, կստացվի, որ անդամավճարներից գոյացած եկամուտը պետք է լինի ոչ թե 10 մլն դրամ, այլ 204 միլիոն դրամ:

Փորձենք խնդրին մոտենալ այլ տեսանկյունից: Ընդունենք` իրոք, մուտք է եղել 10 մլն դրամ: Եթե այդ գումարն արդարաբար բաժանենք 170 հազար անդամի վրա, կստացվի, որ յուրաքանչյուր ՕԵԿ-ական ամսական մուծում է 4 դրամ 90 լումա անդամավճար: Ինչը, կարծում ենք, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մի խոսքով, մնում է միայն ընդունել ՕԵԿ-ի մամուլի խոսնակի առաջարկած բանաձևը, որով 10 միլիոն դրամ անդամավճարների գումարը բաժանած 170 հազարի` Արթուր Բաղդասարյանի հայտարարած անդամների թվին, ստացվում է Հարություն Ամիրյանի հայտնած «ով ինչքան կարողանա» անդամավճարների չափը:

Ի դեպ, ԿԸՀ-ի հրապարակած հայտարարագրից երևում է, որ ՕԵԿ-ը որևէ կազմակերպությունում բաժնեմաս չունի, իսկ դա նշանակում է, որ կուսակցության բյուջեի ֆինանսական մուտքերը միան նվիրատվությունները, պետբյուջեից հատկացված միջոցներն ու անդամավճարները պետք է լինեն: Սա, իհարկե, նորմալ երևույթ է ցանկացած երկրի ցանկացած նորմալ կուսակցության համար: Բայց քանի որ պետբյուջեն չի կարող ֆինանսավորել «170 հազար անդամ ունեցող» մեծ կուսակցության պահանջներին համապատասխան միջոցները, իսկ նվիրատվությունները համարվում են ոչ  կայուն, որոնց վրա չպետք է հույս դրվի, մեծ կուսակցությունների ֆինանսավորման միակ ճիշտ ու ռեալ ուղին մնում է հաստատված, ֆիքսված անդամավճարների մեծություն սահմանելն ու դրա հիման վրա սեփական ծրագրային քաղաքականությունը վարելը:

Այնպես որ, թող ներեն մեզ ՕԵԿ-ի անդամները, սակայն այս երկու հրապարակումներից կարծիք է ստեղծվում, որ կա՛մ ՕԵԿ-ը 170 հազար անդամ չունի, կա՛մ նրա անդամավճարներից գոյացող մուտքերն են թաքցվում:

 

Դիտվել է 1680 անգամ:
Print Friendly

Leave a Reply