Հայաստանն ու Իսրայելը կհամագործակցեն առողջապահության ոլորտում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 19, 2012 11:00

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին:

Ողջունելով դեսպանին` նախարարը ներկայացրել է մինչ այժմ երկու պետությունների միջև գործող համագործակցության ծրագրերը:

Մասնավորապես` նախարարը նշել է, որ 1998 թվականի հոկտեմբերին Երուսաղեմում ստորագրվել է Իսրայելի հետ առողջապահության բնագավառում համագործակցության համաձայնագիր:

2000 թվականի հունվարին ՀՀ առողջապահության նախարարի Իսրայել կատարած այցելության ժամանակ երկու երկրները բանակցություններ են վարել, որի արդյունքում ստորագրվել է համագործակցության ծրագիր:

Հարություն Քուշկյանը հիշատակել է նաև, որ 2007 թվականին հանդիպել է Իսրայելի դեսպան Էհուդ Գոլի հետ:

Այնուհետև` 2008-ին նախարարը հանդիպել է Իսրայելի «Շիբա թել ա շոմել» խոշորագույն հիվանդանոցային համալիրի արտաքին կապերի գծով գլխավոր տնօրեն Միխայիլ Բակրանին:

2009-2010 թվականներին առողջապահության նախարարությունը սերտ համագործակցել է Իսրայելի հետ` ի դեմս Հայաստանում Իսրայելի արտակարգ ու լիազոր դեսպան Շեմի Ցուրի:

Իսրայելի առողջապահության բնագավառի ձեռքբերումներն ու դրական փորձը Հայաստանում կիրառելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցության առաջարկ է ներկայացրել իսրայելական կողմին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին հատկապես վերջին 5 տարիներին սերտ համագործակցության համար և հույս հատնել, որ առաջիկայում այն ավելի լայն շրջանակներ կընդգրկի, մասնավորապես` ուռուցքաբանության ասպարեզում:

Շմուել Մեյրոմն առաջարկել է նախարար Քուշկյանին հայկական կողմի համագործակցության առաջարկները մանրամասնել և նշել հստակ այն ուղղությունները և ոլորտները, որտեղ կուզենային համագործակցել: Դեսպանը հավելել է, որ այս ընթացքում կկազմակերպվեն փոխադարձ այցելություններ:

Առողջապահության նախարարը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ուռուցքաբանության, ոսկրածուծի փոխպատվաստման, մոր և մանկան առողջության պահպանման, ինչպես նաև առողջապահության համակարգի ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ուղղությամբ համագործակցություն ծավալելու առումով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխգործակցությունն ընդլայնելու և արդյունավետ աշխատելու:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply