Գյուլն ու Սարկոզին պայմանավորվել են չխոսել Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2009 14:47

Թուրքիայի նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի երրորդ օրը երկու կայացել է նախագահների հանդիպումը: Ելիսեյան պալատում Աբդուլլահ Գյուլի պատվին տրված աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկվել են Փարիզ-Անկարա տնտեսական կապերի աշխուժացման, Թուրքիայում քրդական խնդրի և Հայաստանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Ըստ թուրքական աղբյուրների` Սարկոզին հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ թուրքական կողմի նախաձեռնությունը «գովելի է»: Մեկ ժամ տևած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահի մամուլի գրասենյակը հրապարակել է հաղորդագրություն, որում նշվում է, թե նախագահները կենտրոնացել են երկկողմ տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունների առավել ակտիվացման հարցի վրա:

Սարկոզին առաջարկել է, որ Փարիզն ու Անկարան կհամագործակցեն խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման բնագավառում, ինչը, ըստ «Ասոշիեյթիդ պրես»-ի, «չափազանց խրախուսական քայլ» է համարել Գյուլը: Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կողմերը պայմանավորվել են «ոչ մի պայմանավորվածություն չկայացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ»:

Սարկոզին ԵՄ-ին Անկարայի անդամակցության ամենախիստ ընդդիմադիրն է:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply