Համատեղ ջանքեր երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2012 17:07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված “Հայաստան–պարենային ապահովության ծրագիր 2010” ծրագրից:
ՀՀ կրթության և գիտության նախարարը, կարևորելով համատեղ աշխատանքը և համալիր մոտեցումը, նշել է. “Երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կառավարության քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Գաղտնիք չէ, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ: Կհամատեղենք երկու նախարարությունների ջանքերը` ամեն խնդրի հետևում տեսնելու կոնկրետ երեխային` իր առանձնահատկություններով և իրավունքներով”:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ համատեղ հրամանով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կկատարի ուսումնասիրություններ` պարզելու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական և սոցիալական կարիքները, որոնց հիման վրա կմշակվեն երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր:

Որպես հիմնական խնդիր երկու նախարարները նշել են սոցիալական պատճառներով հատուկ հաստատություններում կրթության առանձնահատուկ կարիք չունեցող երեխաների առկայությունը, ինչը պետք է հայտնաբերվի և բացառվի:
Ուսումնասիրությունների արդյունքում կմշակվի “Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող գործողությունների ծրագիրը”, որը ևս կհաստատվի նախարարների համատեղ հրամանով:
Հայաստանի Հանրապետությունում շուրջ 2800 երեխա գտնվում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply