Երևանի «Միկայի» շախմատիստները հաղթեցին ռուսական «Ուրալին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 10, 2009 14:26

Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում անցկացվող շախմատի «Եվրագավաթ 2009»-ի տղամարդկանց մրցաշարում Երևանի «Միկա» ակումբը հաղթեց ռուսական «Ուրալին»` 3,5:2,5 հաշվով: Վլադիմիր Հակոբյանը միավորը բաժանեց Ալեքսեյ Շիրովի, Գաբրիել Սարգսյանը` Վլադիմիր Մալախովի, Արման Փաշիկյանը` Սերգեյ Ռուբլևսկու, Զավեն Անդրիասյանը` Ալեքսեյ Դրեևի, Տիգրան Պետրոսյանը` Եվգենի Բարեևի հետ: Իսկ վճռական հարվածը մրցակցին հասցրեց Լևոն Արոնյանը` հաղթելով առաջին խաղատախտակի առջև նստած Ալեքսանդր Գրիշչուկին:

Վաստակած 10 միավորով «Միկան» 2-5-րդ տեղերը զբաղեցնողների խմբում է: 12 միավորով աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի Սարատով քաղաքի «Էկոնոմիստը»:

7-րդ տուրում «Միկան» կմրցի մակեդոնական«Ալկալոիդի» հետ:


Կանանց մրցաշարում «Միկան» ոչոքի խաղաց (2:2) «Մոնտե Կառլոյի» հետ: Բոլոր պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: Էլինա Դանիելյանը միավորը բաժանեց Համփի Կոներուի, Հարիկա Դրոնավալին` Ալեքսանդրա Կոստենյուկի, Նինո Խուրցիձեն` Պիա Կրամլինգի, Լիլիթ Գալոյանը` Էլմիրա Սկրիպչենկոյի հետ:

«Միկան» ունի 6 միավոր և 8-րդ տեղում է: 10 միավորով առջևում է Ռուսաստանի Վիդնոյե քաղաքի «Սպարտակ» թիմը: Հաջորդ տուրում մեր շախմատիստուհիները հանդիպելու են Սարատովի «Էկոնոմիստի» հետ:

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply