Արագածոտնում ապօրինի գործող ձեռնարկություններ են հայտնաբերվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2012 15:13


Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 24-րդ բաժնի աշխատակիցներն օրերս Արագածոտնի մարզում բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վեց դեպք:

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարբի գյուղի բնակիչ Գուրգեն Նազարեթյանը և Աշտարակի բնակիչ Հակոբ Պողոսյանը զբաղվում են սառնարանային տնտեսությունում խնձորի պահեստավորման համար վարձավճարային ծառայությունների մատուցմամբ:

Պարզվել է նաև, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Կարապետ Սիմոնյանն, առանց համապատասխան պետական գրանցման, զբաղվել է մետաղամշակման աշխատանքներով, իսկ նույն քաղաքի մեկ այլ բնակիչ Արտակ Ղալաչյանը Ներես Աշտարակեցու 3 հասցեում գտնվող շինությունը տրամադրել է բնակչությանը` միջոցառումներ իրականացնելու համար: Արագավան գյուղի բնակիչ Մանվել Հովհաննիսյանն առանց համապատասխան պետական գրանցման, զբաղվել է ավտոտեխսպասարկաման ծառայությունների մատուցմամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Աշտարակի բնակիչ Արա Ղուշչյանն իրականացնում է առանց ակցիզային դրոշմանիշների ոգելից խմիչքի վաճառք:
Նշված փաստերի վերաբերյալ կազմվել են համապատասխան ակտեր, իսկ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply