Հալլեում բացվեց հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

Պաշտոնական, Օրվա լուր | | April 18, 2012 15:08

Հալլե քաղաքի Kunstforum պատմական շենքում տեղի ունեցավ հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել էր Սաքսոոնիա Անհալտի մշակույթի նախարարության, Բեռլինի հանրային գրադարանի, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի «Մեսրոբ» հայագիտական կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսի ֆինանսական հովանավորն է Հալլեի խնայդրամարկղը (Saalesparkasse): Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին Երևանից ժամանած պատվիրակությունը` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Բացման արարողությանը մասնակցեց ԳԴՀ արտաքին գործերի պետական նախարար տիկին Կորնելիա Պիպերը: Ներկա էին նաև Սաքսոնիա Անհալտի քաղաքական, տնտեսական, գիտա-կրթական և մշակութային ճանաչված գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հալլեի խնայդրամարկղի ղեկավար պր-ն Ֆր. Շտումպֆը, որից հետո ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցներին դիմեց Սաքսոնիա Անհալտ երկրամասի մշակույթի նախարար պր-ն Ս. Գորգեռլոհն: Այնուհետև ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին նաև Բեռլինի հանրային գրադարանի գլխավոր տնօրեն տիկին Բ. Շնայդեր-Կեմպֆը և Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ու. Շտրյոտերը: Ցուցահանդեսի մի քանի տասնյակ ունիկալ ցուցանմուշների մասին տեղեկատվությունը ներկայացրեցին Բեռլինի հանրային գրադարանի բաժնի վարիչ տիկին Մելինե Փեհլեվանյանը և Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի «Մեսրոբ» հայագիտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր տիկին Ա. Դրոստ-Աբգարյանը:

Բացման արարողությունից հետո մասնակիցները ծանոթացան բազմադարյա պատմություն ունեցող ձեռագիր և տպագիր գրքերին: Ցուցահանդեսի դիտումից հետո մասնակիցները այցելեցին Հենդելի տուն-թանգարան, որտեղ տեղի ունեցավ համերգ հայ և գերմանացի երաժիշտների մասնակցությամբ:

Դիտվել է 639 անգամ:
Print Friendly

Leave a Reply