Գոհար Վեզիրյանը Անահիտ Բախշյանին մեղադրում է իրեն նախանձելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2012 14:46

Շենգավիթի ոստիկանապետն այսօր` ապրիլի 18-ի առավոտյան, զանգահարել է թիվ 12-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, լրագրող Գոհար Վեզիրյանին եւ ասել, որ անպայման պետք է գա եւ բացատրության տա իր հայտարարության վերաբերյալ, ըստ որի իր նախընտրական պաստառները պատռում են: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` Գոհար Վեզիրյանը, ով արդեն ոստիկանություն դրա վերաբերյալ հաղորդում է տվել:

Վերջինս ասուլիսում հայտարարեց, որ «Ժառանգությանն» ընդդիմադիր ուժ չի համարում, քանի որ բռնել է ՕԵԿ-ի ճանապարհը: Այդ առումով Գոհար Վեզիրյանը նույն ընտրատարածքում առաջադրված Անահիտ Բախշյանին («Ժառանգության» պատգամավոր) լուրջ մրցակից չի համարում:

«Ես մրցակցային առավելություն ունեմ բոլոր մրցակիցների նկատմամբ այն պարզ պատճառով, որ կուսակցություններից հայ ընտրողը հոգնած եւ հիասթափված է: Երբ ես որեւէ տեղ հանդիպման եմ գնում, անմիջապես հարցնում են, թե որ կուսակցությունից ես: Երբ իմանում են անկուսակցական եմ, ինքնաառաջադրում է, միանգամից բոլոր դռները իմ համար բացվում են: Ասում են վայ արի, արի»,- մանրամասնեց Գոհար Վեզիրյանը:

Վերջինս իրեն մրցակից չի համարում նաեւ Տիգրան Տեր-Պետրոսյանին (ՀԱԿ):

Ասուլիսի մյուս բանախոսը` Անահիտ Բախշյանը հակադարձելով Գոհար Վեզիրյանին, ասաց, որ բոլորը տեղյակ են, որ «Ժառանգությունը» միշտ այնտեղ է, որտեղ փորձում են քաղաքացու իրավունքները ոտնահարել եւ անօրինականություն են գործում: Բացի այդ, «Ժառանգությունը», ըստ Բախշյանի, մշտապես քննադատել եւ քննադատում է կոալիցիային:

Գոհար Վեզիրյանի այն պնդումներին, թե ինքն առավելություններ ունի բոլոր մրցակիցների նկատմամբ, Անահիտ Բախշյանն արձագանքեց. «Կապրենք, կտեսնեք, թե մայիսի 6-ից հետո իրադարձություններն ինչ զարգացում կստանան»:

Ի դեպ, Գոհար Վեզիրյանը պատահական չհամարեց այն հանգամանքը, որ հենց իր պաստառներն են պոկում, քանի որ ի դեմս իրեն են լուրջ մրցակից տեսնում: Սրան ի պատասխան Անահիտ Բախշյանն ասաց. «Հա, շատ կարեւորում են Գոհար Վեզիրյանին իշխանությունները»:

Վեզիրյանն իր հերթին Անահիտ Բախշյանից հարցրեց, թե ի՞նչ է. նախանձո՞ւմ է իրեն եւ հիշեցրեց, որ նախանձելը լավ բան չէ: Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ 8 տարի աշխատել է թիվ 27 դպրոցում, որը Շենգավիթ համայնքում է եւ գալիս է իր ցանած առողջ սերմերի բերքահավաքը կատարելու: Գոհար Վեզիրյանն էլ ասաց, որ այնտեղ այդ գործով զբաղված է եղել 30 տարի շարունակ, քանի որ ապրել է այդ համայնքում:

NEWS.am

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply