Ժառանգությունը չի մասնակցելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2012 12:28

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում Ժառանգություն կուսակցությունը առաջարկել էր, որպեսզի շտաբի ստեղծման փաստաթուղթը ստորագրվի առաջին դեմքերի մակարդակով: Մյուս երեք կուսակցությունները փաստացի մերժել են Ժառանգության առաջարկը, եւ վերջինս չի մասնակցելու շտաբի աշխատանքներին: Պարզաբանումների համար lragir.am-ը դիմեց Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին:

– Պարոն Հակոբյան, մասնակցելո՞ւ եք կուսակցությունների միացյալ շտաբի նիստին:

– Ոչ: Առաջին նիստի ժամանակ, միասնական շտաբ ձեւավորելու ցանկության մասին հայտարարությունը ստորագրելուց առաջ, մեր կողմից պայման դրվեց, որ մյուս փաստաթուղթը, որը պետք համապարփակ ներկայացներ շտաբի հիմնական գործառույթները, վերահսկողությունն իրականացնող մեխանիզմները, պետք է ստորագրվի այդ ուժերի առաջին դեմքերի կողմից: Մասնակիցներից որեւէ մեկի կողմից այն չմերժվեց, ինչի արդյունքում ստորագրվեց հայտնի հայտարարությունը: ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն հետագայում մերժեցին մեր առաջարկությունը, եւ մենք որոշեցինք չմասնակցել շտաբի աշխատանքներին: Տեղյակ էլ չեմ՝ այդ շտաբը գործում է, թե ոչ:

– Իսկ ինչո՞ւ եք պնդում, որ փաստաթուղթն անպայման ստորագրվի առաջին դեմքերի կողմից:

– Շատ պարզ պատճառով: Նախ, որ այս դեպքում մեզ եւ հասարակության համար այն հնարավորինս ավելի համոզիչ ու վստահելի կդառնա, եւ, որ ամենակարեւորն է, կուսակցություններից մեկի համար պայմաններ չենք ստեղծի, որպեսզի մի կողմից խոսի ազատ, արդար ընտրություններից, մյուս կողմից ընդիմադիր ուժերի երաշխավորությամբ զբաղվի ընտրությունները կեղծելու հակաօրինական գործողություններով: Այսօր քաղաքական կոալիցիայի երեք ուժերն էլ, առանց բացառության, անձնագրերը հավաքելով, ընտրողներին կաշառելով, բարեգործության անվան տակ հեռախոսներ ու հազար ու մի բան բաժանելով զբաղված են ընտրողների քվեները գնելու աշխատանքով: ԲՀԿ-ն իր գործողություններով անկեղծորեն պետք է ցույց տա, որ ինքը իսկապես ձգտում է ազատ եւ արդար ընտրությունների: Նա այդպես էլ չմիացավ երեք ուժերի կողմից ՀՀ վարչապետին եւ ոստիկանապետին ուղարկված նամակին, որով պահանջում ենք ներկայացնել, թե այսօր իրականում Հայաստանում քանի ընտրող կա: Իսկ սա գլխավոր օջախներից մեկն է, որի միջոցով կատարվում են հիմնական ընտրակեղծիքները:

– Բայց ՀԱԿ-ը տարբեր առիթներով նշում է, որ Ժառանգությունը շտաբի անդամ է:

– Չեմ ուզում ավելի սուր արտահայտվել, բայց եթե որոշ մարդկանց մոտ մեղր ասելով շուրթերը քաղցրանում են, թող շարունակեն ճաշակել այդ քաղցրությունը: Իսկ ընդհանրապես, խորհուրդ կտամ թե այդ ուժերի ներկայացուցիչներին, թե բոլոր ցանկացողներին, ովքեր ուզում են իմանալ ճշմարտությունը, թե ինչ նախապայման-առաջարկություններով է Ժառանգությունը ստորագրել այդ հայտարարությունը, կարող են դիտել միասնական շտաբ ձեւավորելու մասին տեսանյութը, որը ապրիլի 4-ին ամբողջությամբ հեռարձակվել է Ա1 պլյուսով եւ այժմ պահվում է նրա կայքէջում, կամ ժամանակը խնայելու նամար /ընդհանուր տեւողությունը 1:30 ժամ է/ ՅՈՒԹՈՒԲ-ում դիտել «Ժառանգության առաջարկները միասնական շտաբի առաջին նիստին» յոթ րոպե տեւողությամբ տեսաժապավենը:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply