Մեխ ու ծխնի` ստամոքսում. մետաղ կուլ տալով` «վճարում են» ավելի լավ կյանքի համար

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 12, 2009 13:50

bant4Մահճակալի երկաթե ցանցի մասը և գդալի պոչը 33-ամյա կալանավոր Գրիգոր Տերտերյանի ստամոքսում են: Մետաղները կուլ է տվել որպես բողոքի նշան, որ իրեն Կոշից տեղափոխեն Արթիկի գաղութ: Գրիգորը գյումրեցի է և ուզում է պատիժն Արթիկում անցկացնել, որ հորն ավելի մոտ լինի. «Ես ոչ ոք չունեմ հորիցս բացի, նա էլ հիվանդ, թոշակառու մարդ է, գոնե ամիսը մի անգամ կգա, կտեսնեմ»: Նա դատապարտվել է խուլիգանության համար, պատժաժամկետի հինգ տարիներից երեք տարին նստել է:
15 օր է` բժիշկները սպասում են, որ բնական ճանապարհով մետաղները դուրս գան, եթե ոչ` կվիրահատեն:
Ասում է` Արթիկ տեղափոխվելու համար հացադուլ է արել, երակներն է կտրել, արդյունքում խոստացել են, թե կտեղափոխեն, բայց չեն արել ու ստիպված մետաղներն է կուլ տվել: Գրիգորն առաջին անգամ է մետաղներ կուլ տալով ինքն իրեն վնասում, ինչի «շնորհիվ» հայտնվել է դատապարտյալների հիվանդանոցում:
Հիվանդանոցի թանգարանում կալանավորների ստամոքսներից հանած իրերի հավաքածու կա` 30 ցուցանմուշներով` լուսամուտի ծխնի (պետլյաներ), մեխեր, վինտեր, գդալներ, ջերմաչափ, շինարարական մետաղներ, 21 սմ երկարությամբ մետաղյա ձողերից մինչև մանր կտորներ, գրիչներ և այլն:
Կերակրափողի տրամաչափից ավելի լայն մետաղները, որպեսզի կուլ գնան, կալանավորները յուղոտում են, որ սղալով անցնի, կամ փաթաթում ցելոֆանի մեջ, նոր կուլ տալիս: Վիրաբուժական բաժանմունքի պետ Հովսեփ Հովսեփյանն ասում է, որ կալանավորները մեխանիզմ են մշակել, որ կուլ տված իրը բնական ճանապարհով դուրս չգա. զսպանակ են ամրացնում երկու մետաղյա ձողերին, սեղմում, հացի խմորով փաթաթում ու կուլ տալիս: Ստամոքսում հացը մարսվում է, ձողերին զսպանակը բացում է, ու մետաղը լռվում է օրգանիզմում: Կամ կուլ են տալիս մագնիս, որ ստամոքսում մետաղյա մարմինները հավաքվեն դրա շուրջ, դառնան մեծ զանգված, ինչն էլ դուրս չի կարող գալ բնական ճանապարհով:
Յուրաքանչյուր ցուցանմուշ իր մակագրությունն ունի, թե ում ստամոքսից է հանվել:
«Բարդություններ շատ են եղել, աղիքն է ծակվել, բորբոքումներ, թարախակալում, բայց մահ չի գրանցվել,-ասում է Հովսեփյանը,- որպեսզի խուսափենք վիրահատությունից, բաժանմունքի նախկին պետ Դավթյանի կողմից մշակվել է սխեմա, որ մետաղական, հատկապես փոքր չափի մարմինները բնական ճանապարհով 1-2 շաբաթ հետո դուրս գան»:
Կալանավորներն իրենց վնասում են կամ որպես բողոքի նշան, կամ որ հիվանդանոց ընկնեն, որտեղ կյանքի պայմանները փակ կալանավայրերի համեմատ ավելի լավ է: Բանտերում, ուր կալանավորի կյանքն անցնում է բանտախցում, հիվանդանոցն ազատություն է, որտեղ նրանք կարող են բակ դուրս գալ: Շատ կալանավորներ աշխատում են ամեն գնով գոնե երբեմն հայտնվել այստեղ:
bant51Դատապարտյալների հիվանդանոցում հայտնվելու կաշառքի գներն այնքան բարձր են, որ աղքատների վճարած գինը դառնում է իրենց առողջությունը:
Բյուրեղավանցի 28-ամյա Արթուր Փափազյանի կուլ տված մեխերն ու ասեղները նոր են վիրահատությամբ հանել, ու հիմա նա ապաքինվում է: Նա երրորդ «սռոկն» է նստած: Վերջին 6 ու կես տարվա պատժից հինգ տարին նստել է: Ասում է` մետաղները կուլ է տվել որպես բողոքի նշան, որ իրեն Կոշի գաղութից ուզում են տեղափոխել:
33-ամյա սպիտակցի Սասուն Հովհաննիսյանը մեխեր է կուլ տվել, որ արդեն վիրահատությամբ հանել են: Նա մի քանի անգամ դատվել է, վերջինը` գողության համար: Ընդհանուր առմամբ 16 տարի նստած է, և դեռ հինգ տարի ունի ազատվելու համար: Ասում է, որ ամուսնացել է, բայց կինը կորել է, իսկ մեկուկես տարեկան երեխան Վանաձորի մանկատանն է, ու մեխերը կուլ է տվել, որ մոտ լինի նրան. «Ուզում եմ նրան մոտ լինել, տեր կանգնել, որ նա էլ ինձ նման չլինի: Ես ծնող չեմ տեսել:Հիմա մեկ-մեկ տեսնում եմ երեխայիս»:
71-ամյա Նորայր Թումանյանն ընտրել է ոչ թե մետաղը կուլ տալու, այլ գլուխը մետաղին խփելով վնասվելու մեթոդը. «Նուբարաշենում» խփեցի, ուգոլնիկ էր, ինչ էր` չիմացա, դարդից խփեցի, հիմա շշմած եմ, լավ չեմ զգում»:
71-ամյա Նորայրը դատապարտվել է ազատազրկման` սպանություն կատարելու համար: Նա ասում է, որ մտածմունքների պատճառով գլուխը պատերին է խփում, քանի որ պարտքերը փակել չկարողանալու պատճառով դատարանով տունը ձեռքներից առել են, ու երկու տղաներն անտուն են մնացել: Ասում է, որ սպանությունն էլ տան պատճառով է արել. «Մտել, գազանավարի սպանել եմ: Երկու ախպեր էին, մեկը մեռավ, մյուսը` չէ: 80 հազարանոց տունս 1100 դոլարի համար խլեցին: Գլուխս միանգամից խախտվեց, հետո կինս մահացավ, ու ես նրա դագաղի առաջ երդվեցի, որ տունս խլողներին սպանելու եմ, թող նրանք էլ տառապեն»:
bant6Գագիկ Վասիլյանը կուլ է տվել ծխնիներ, որոնք նրա ստամոքսից հանել են 2 տարի առաջ: Այս անգամ նա հիվանդանոց է ընկել` սպիդ հիվանդանալով: Նա վստահ է, որ հիվանդանոցում բժշկական գործիքներից է վարակվել, երբ վիրահատելիս մետաղները հանում էին (այս մասին` «Անկախ»-ի հաջորդ համարում):
Ինքնավնասումը բնորոշ է դատապարտյալների հիվանդանոցին, այլ բուժհիմնարկներ նման պացիենտներ գրեթե չեն ունենում: Այստեղ կուլ տված իրերը հանելու համար տարեկան 20-30 վիրահատություն են կատարում:
Թե ինչ արժի վիրահատությունը, բժիշկները ստույգ չգիտեն, միայն ասում են, որ ծախսատարությամբ, վիրահատական աշխատանքի արժեքով, դեղերի գներով ու պահման ծախսերով էժան չի: Ծախսերը հոգում է պետությունը: Նաև հստակ է, որ Գրիգոր Տերտերյանին Կոշից Արթիկ տեղափոխելը շատ ավելի էժան կնստեր պետության վրա, քան նրան վիրահատելը:

Ռուզան Ավոյան

FOTO` հեղինակի

Դիտվել է 2785 անգամ:
Print Friendly

Leave a Reply