7-ամյա աղջիկը ատամի փերու գումարը նվիրաբերել է պտտահողմից տուժածներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2012 9:47

Փոքրիկ ամերիկուհին այնքան է ազդվել ապրիլի 4-ին Արլինգտոնում  պտտահողմի հետևանքներից, որ որոշել է   իր 5 դոլար կարողությունը, որը կուտակվել էր առաջին կաթնատամները թափվելու առիթով, նվիրաբերել տուժածներին:

Մինեսոտայի Ալլեն քաղաքի տարրական դասարանի սովորող 7-ամյա Չեյեն Ջենքինսը, հեռուստացույցով տեսնելով Արլինգթոնի ավերածությունները, անմիջապես որոշել է օգնել տուժածներին:

«Նրանք այլևս տուն չունեն, ես այնպես ցավեցի նրանց համար ու որոշեցի օգնել »- ասել է աղջիկը:

Միակ բանը, որ նրա մտքով այդ պահին անցել է, իր գանձանակից դրամը հանել և իշխանություններին փոխանցելն է եղել:

Դպրոցականի խնայողությունները կազմել են 4 դոլար և 98 ցենտ: Այդ դրամը ատամի փերին էր նրան թողել` առաջին կաթնատամներն ընկնելու առիթով, իսկ  կոպեկները առևտրից մնացած մանրադրամներ  էին:

Գումարի հետ աղջիկը իր ձեռքով բացիկ է պատրաստել ամպերի ու ծաղկի տեսարանով և մակագրել.«Հնարավոր է, որ սա ձեզ մի քիչ օգնի»:

«Ես մտածում էի, որ այդ փողը նրանց կօգնի տուն գնել»,-  ասել է նորաթուխ բարերարը:

Արլինգտոնի քաղաքապետ Ռոբերտ Կլակը, ստանալով նվիրատվությունը, ասել է, որ իր ծառայության ընթացքում շատ հետաքրքիր բարեգործական արարքներ է տեսել, սակայն սա ամենահուզիչն է:

«Այն փաստը, որ փոքրիկը դատարկել է իր փոքրիկ, մանուշակագույն գանձանակը ուրիշների համար,  Արլինգտոնում կհուզի շատերին: Ծնողները կարող են հպարտանալ իրենց փոքրիկով»- ասել է  Կլակը:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply