Վերագործարկվել է “Էրեբունի-Երևան – 2750” շատրվանային համալիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 17, 2012 19:08


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում մասնակցել է “Էրեբունի-Երևան 2750” շատրվանային համալիրի վերաբացմանը, որի հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին փետրվար ամսից: 1968 թվականին` Երևանի 2750-րդ տարեդարձի առիթով շահագործման հանձնված ու նույնքան ջրամղիչ խողովակներ ունեցող շատրվանը մինչ այս միայն ընթացիկ նորոգումների էր ենթարկվել: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ պահպանելով կառույցի նախնական տեսքը և չշեղվելով նախագծային լուծումներից, հիմնանորոգման ընթացքում նախ նորերով են փոխարինվել հին խողովակաշարերը, հարթեցվել, հատուկ ջրակայուն ներկով են պատվել ու կարգի բերվել ինչպես հատակն ու կողային պատերը, այնպես էլ վնասված եզրաքարերը: Ծանոթանալով վերագործարկված շատրվանային համալիրի աշխատանքին, Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել. “Ավելի քան 40 տարի չհիմնանորոգված այս շատրվանային համալիրը վստահ եմ դեռ շատ երկար կծառայի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Ի դեպ, այս տարի նախատեսել ենք գործարկել 11 շատրվանային համալիր և 7 ջրավազան: Հանրապետության հրապարակի շատրվանն ու Կարապի լճի ջրավազանն արդեն գործարկել ենք, ընդ որում այսօրվանից կարապները ևս տեղափոխվել են Կարապի լիճ: Մոտ օրերս կվերագործարկենք նաև Շարլ Ազնավուրի հրապարակի շատրվանը”, – նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ այս և առաջիկա տարիներին, նաև մասնավոր կառույցների հետ համագործակցելով, մայրաքաղաքում կվերագործարկվեն մի շարք այլ շատրվաններ, իսկ մինչ այդ, մայիսի 1-ին, կվերաբացվեն մայրաքաղաքում գործող մյուս ջրային կառույցները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply