Սիրուշոն հեղինակել է Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու հիմնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 17, 2012 10:57

ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանը կունենա տոնակատարությունների համար հատուկ գրված հիմն, որի երաժշտության հեղինակն է երգչուհի Սիրուշոն:

«Հիմնի երաժշտությունը գրելու գաղափարը ինձ է վստահվել, այն լինելու է խմբակային երգ, որի վերնագիրը դեռ չենք որոշել»,- «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում  պատմեց  երգչուհին: Չնայած նա կեսկատակ- կեսլուրջ նշեց, որ սովորաբար իր գրած երգերի վերնագրերը որոշում է «վերջին պահին»` երգը բեմից հայտարարելուց առաջ, այնուամենայնիվ, հիմնը պայմանականորեն անվանեց «Գիրք»: Այն կատարելու են հայկական երգարվեստի ներկայացուցիչները` նվագախմբի ուղեկցությամբ: Խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը:

Անդրադառնալով ապրիլի 15-ին տեղի ունեցած «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ին` Սիրուշոն ասաց, որ տարվա լավագույն տեսահոլովակ անվանակարգում մրցանակն իր համար անակնկալ էր:

«Ուշադրությունս սեւեռված էր ելույթի վրա, միշտ ուրախանոմ եմ այն մրցանակներով, որոնք ստանում եմ, բայց երբեք չեմ սպասում դրանց»,- պարզաբանեց երգչուհին: Նրա խոսքով` մրցանակաբաշխությունն ուրախ երաժշտական տոն է, որտեղ կարեւոր են ոչ այնքան մրցանակները, այլ` դրական տրամադրությունը:

Նա չի սիրում խոսել իր առաջիկա ծրագրերի մասին, այդուհանդերձ, տեղեկացրեց, որ նոր երգեր է գրում տարբեր, այդ թվում` օտարերկրյա արտիստների համար:

Տասն օրից Սիրուշոն երգիչ Անդրեի հետ կմեկնի հյուրախաղերի Սանկտ Պետերբուրգ: Երգչուհին առաջիկայում մենահամերգ տալու մտադրություն չունի, սակայն, նրա կարծիքով, «երբեք մի ասա երբեք» ասույթը տեղին է նաեւ մենահամերգի ծրագրման գործում:

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply