Բակո Սահակյանը շնորհավորել է ոստիկանններին մասնագիտական տոնի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 17, 2012 10:49

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Ոստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի եւ Ոստիկանության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Տոնական այս պահին ես նախեւառաջ գլուխ եմ խոնարհում Արցախյան ազատամարտում եւ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս նահատակված բոլոր ոստիկանների հիշատակի առջեւ: Հավե~րժ փառք ու պատիվ մեր երախտավորներին:
Այս օրը եւս մեկ առիթ է անդրադառնալու ձեր աշխատանքին: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համակարգում, ընդհանուր առմամբ, իրականացվել են զգալի դրական փոփոխություններ ու տեղաշարժեր:
Առաջին հերթին կուզենայի նշել այն փաստը, որ 2011 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 99-ով: Հանրապետությունում 10 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը շարունակաբար նվազում է եւ կազմել է 25,6` 2010 թվականի 33-ի դիմաց: Սա համաշխարհային մասշտաբով ամենացածր ցուցանիշներից է, ինչը վկայում է մեր երկրում հասարակական անվտանգության բարձր մակարդակի մասին:
Գոհացուցիչ է հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշը` շուրջ 91 տոկոս: Սակայն անհրաժեշտ է էլ ավելի հետեւողական աշխատանք տանել այս ցուցանիշը, ինչպես նաեւ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Կան նաեւ չբացահայտված ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, ինչը անթույլատրելի է:
Որպես առաջնային խնդիր պետք է դիտվի լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերումը: 2011 թվականին 2010-ի համեմատությամբ այս ցուցանիշը 16 դեպքով աճել է: Սակայն այստեղ անելիքներ դեռեւս շատ կան:
Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է հետեւողական աշխատանք տանել առաջին հերթին հանցագործությունների նախականխման եւ կանխման ուղղությամբ: Այս համատեքստում կարեւոր է ընդլայնել ու ավելի խորացնել համագործակցությունը ինչպես ոստիկանության ստորաբաժանումների միջեւ, այնպես էլ համապատասխան այլ կառույցների հետ: Առանցքային է նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու այլ պետական մարմինների հետ կապերի սերտացումը:
Խնդիրներ կան ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում, որոնք մեծապես կապված են նաեւ երթեւեկության ինտենսիվության շարունակական աճի, ճանապարհների թողունակության հետ: Ես իրազեկված եմ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման եւ անվտանգ երթեւեկության ապահովման ուղղությամբ տարված ծավալուն աշխատանքների մասին: Սակայն այստեղ դեռեւս կան չլուծված խնդիրներ, ինչի մասին է խոսում նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի զգալի աճը: Անհրաժեշտ է ոլորտում իրավիճակը շտկելու նպատակով անցկացնել համալիր միջոցառումներ:
Ոստիկանության առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը մեծապես կախված է կադրային ճիշտ քաղաքականությունից, այդ թվում` կարգապահության, կադրերի ընտրության եւ ճիշտ տեղաբաշխման հարցերից: Այդ ուղղությամբ պետք է տանել շարունակական աշխատանք:
Ամբողջ կառույցի եւ յուրաքանչյուր ոստիկանի սկզբունքային ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ են նաեւ մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, պաշտպանվում քաղաքացիների շահերն ու իրավունքները: Դրանք մեր պետության կենսագործունեության այն կարեւորագույն ոլորտներից են, որոնք մշտապես գտնվում են թե իշխանությունների եւ թե հասարակության ուշադրության կենտրոնում: Եվ բնական է, որ այստեղ առկա ինչպես դրական միտումները, այնպես էլ բացթողումներն ու թերացումներն անմիջապես համապատասխան արձագանք են ստանում բնակչության կողմից: Այդ իսկ պատճառով ոստիկանության աշխատակիցներին ներկայացվող պահանջներն ավելի խիստ են ու կտրուկ:
Ուզում եմ վստահ լինել, որ ոստիկանության ղեկավարությունը եւ յուրաքանչյուր ծառայող այսուհետ էլ կանեն հնարավորը դրված խնդիրները արդյունավետ կերպով լուծելու համար: Իսկ պետության կողմից համակարգի նկատմամբ ցուցաբերվող հոգածությունը լինելու է շարունակական եւ կրելու է հետեւողական բնույթ:
Հարգարժան ոստիկաններ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ այս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեզ եւ ձեր ընտանիքներին:
Շնորհակալություն:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply