Դուք պատկերացրեք ինչ վատ կլիներ, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը մեզանից որևէ մեկին համեմատեր Ջհանգիրյան Գագիկի հետ.Ռուբեն Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 17, 2012 9:31

«Ես պատրաստ եմ բանավիճել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և խոստանում եմ նրան պրովոկացիոն հարցեր չտալ», -«Արմնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարեց Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, Հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը:

Վերջին ասուլիսներից մեկում նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի տրամաչափը (կալիբր) «ՀՀՇ-ի Գևորիկն է», ինչին ի պատասխան Նիկոլը արձագանքել էր, որ Հայրապետյանի տրամաչափն էլ Շուշան Պետրոսյանն ու Արտաշես Գեղամյանն են:
Արձագանքելով այս դիտարկմանը, Հայրապետյանը բառացիորեն հայտարարել է. «Ես շատ ուրախ կլինեի, ազնվորեն շատ հպարտ կզգայի ինձ, որ Գեղամյանի տրամաչափի քաղաքական գործիչ լինեի, որովհետև Գեղամյանին ես համարում եմ հայրենասեր, մեր երկրին, մեր ժողովրդին նվիրված անձնավորություն, որը ճիշտ կողմնորոշվել է»: Ինչ վերաբերում է Շուշան Պետրոսյանին, Հայրապետյանն ասել է, որ ցանկացած կուսակցությանը պատիվ կբերեր, որ նա ցուցակում լիներ:

«Ես շատ ուրախ եմ Փաշինյանի այդ համեմատության համար, դուք պատկերացրեք ինչ վատ կլիներ, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը մեզանից որևէ մեկին համեմատեր Ջհանգիրյան Գագիկի հետ: Մեր անկախ հանրապետության առաջին ընտրակեղծիքների հիմնադիրը, բոլոր տեսակի վատ, այլանդակ բաների հիմնադիրը հիմա ընդգրկվել է իրենց ցուցակում: Իրանք չեն ամաչում էդ տեսակի մարդկանցից, ուզում են մեզ ամաչացնեն», -հավելել է Հայրապետյանը:

Խոսելով նույն` թիվ 1 ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուների` Գայանե Առուստամյանի ու Ստյոպա Սաֆարյանի մասին, ասաց, որ երկուսն էլ հավասար հնարավորություններ ունեն: «Կփորձենք համոզել ժողովրդին, որ մենք կամ մեր կուսակցությունը ավելի լավն ենք և ավելի կարող ենք անել մեր ժողովրդի համար», -հայտարարել է Հայրապետյանը:

Panorama.am

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply