Շահինյանն ու մի քանի ՀՀԿ-ականներ դիմում են գրել կուսակցությունից դուրս գալու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2012 21:45

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը եւ մի քանի այլ ՀՀԿ-ականներ, ՀՀ նախագահի անունով կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Մեր այս լուրը հաստատեց պարոն Շահինյանը, ասելով, որ այդ մասին կխոսի ընտրություններից հետո: Փոխարենն այդ փաստը «պարտակեց» Արաբկիրի տարածքային գրասենյակի ղեկավար Արմեն Մարտոյանը: Կա՞ն արդյոք նման դիմումներ եւ ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել հեռանալ ՀՀԿ-ի շարքերից՝ մեր հարցին ի պատասխան, Արաբկիրի տարածքային գրասենյակի ղեկավար Արմեն Մարտոյանն ասաց, որը ինքը «առավոտվա ժամը 10-ից աշխատում» է եւ ոչ մի դիմում չի ստացել. «Նման բան դեռ այս րոպեին ինձ մոտ չի գրանցվել: Ես չգիտեմ դուք այդ տեղեկատվությունը որտեղի՞ց ունեք: Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել»:

Հետաքրքրվեցինք, թե գուցե առայժմ այդ մարդկանց հեռանալու ցանկությունը բանավո՞ր է: Պարոն Մարտոյանն ասաց. «Մեր կուսակցությունն այն կուսակցությունն է, որ գաղափարի շուրջ ենք հավաքվում, իսկ մեզ մոտ եթե նման մարդիկ կան, որոնք ուզում են դուրս գան, որեւէ մեկին չենք բռնում, դա իրենց իրավունքն է, ցանկություն հայտնող չի եղել ընդհակառակը ցանկություն են հայտնել անդամակցելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply