Շկոտ. ո՞վ է կերել իմ հացը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 12, 2009 13:35

shkodՄի հրամանատար ճաշարանում շրջելուց նկատում է, որ վերակարգից (դնևալնի) մեկը սեղաններին դրված ուտելիքներն ուտում է: Մոտենում է այդ տղային, վերցնում իրենց տան համարն ու զանգում, վերցնում է մայրը.
– Դուք տեղյա՞կ եք, որ ձեր տղան շկոտնիկ է, – ասում է հրամանատարը:
– Բայց իմ տղան նախկինում չի ունեցել այդ հիվանդությունը:
Շկոտնիկը հիվանդություն չէ: Պատկերացրեք` ծառայողական ծանր օր է, ասենք վերակարգում ես էդ օրը (վերակարգի բաժինը ճաշարանում առանձին են պահում) ու անհամբեր սպասում ես, թե երբ է վերջապես ճաշարանի ժամը գալու, որ մի կտոր զինվորական հաց ուտես, գնում ես ճաշարան ու տեսնում, որ ուտելու բան չկա, կերել է ինչ-որ մեկը կամ շկոտ է արել: Շկոտն էլ հենց նշանակում է, երբ մեկի փայը մեկ ուրիշն ուտում է: Ուտողը շկոտնիկն է: Կամ` ճաշարանում ամեն սեղանի մոտ պետք է 10 հոգի նստի, մտնում ես, նստում ես սեղանակիցներիդ հետ, մեկ էլ, մինչև ճաշդ լցնում ես, ուզում ես հաց վերցնես, տեսնում ես` հացը վերջացավ: Շկոտնիկը կերել է:
Կան զինվորներ, որոնք չեն հասկանում, թե շկոտ անելով ինչ վնաս են տալիս իրենց ծառայակցին, բայց կան այնպիսիները, ովքեր հասկանալով են շկոտ անում: Հետևաբար, բոլոր շկոտնիկներին նույն ձևով չեն վերաբերվում: Եթե շկոտ անողն առանց հասկանալու է արել, այսինքն, առաջին անգամ է այդպիսի բան անում, նրան ուղղակի բացատրում են, որ չի կարելի անել, որ ուտելիքը հաշված է ամեն զինվորի չափաբաժնով: Բայց եթե նույն մարդուն մի քանի անգամ շկոտի վրա բռնում են, ծեծում են, որ ծեծով հասկանա` այդպիսի բան անել չի կարելի: Կան զորամասեր, ուր ճաշարան գնացողները քիչ են, և զինվորներն ուրիշ աղբյուրներից են սնվում. այդպիսի տեղերում շկոտին մեղմ են վերաբերվում ու չեն ծեծում:
Սպաներն ուրիշ ձև են փորձում շկոտի դեմն առնել: Նրանք շարում են զորքն այն ժամանակ, երբ, ասենք, մեկին քիչ է ուտելիք հասել կամ ընդհանրապես չի հասել, ու ելույթ են ունենում: Ելույթի բովանդակությունն այն է, որ եթե դուք այն տիպի մարդկանցից եք, որ պիտի ձեր ստամոքսի համար ձեր ընկերոջը սոված թողնեք, ուրեմն դուք ոչ մի բանի արժանի չեք, ու եթե էդքանը գիտակցելուց հետո էլ շարունակում եք անել, ուրեմն… էստեղ քֆուրների շարան է:
Զորքի մեջ կան հեղինակություններ, որոնք ճաշարան չեն գնում, իրենց տասովշչիկին (շիստյորկային) են ուղարկում ճաշարան, որ իրենց ուտելիք բերի: Բնականաբար, տասովշչիկը չի հաշվում, կշռում, թե ինչքան բաժին պիտի վերցնի, ու բոլ-բոլ տանում է: Սա էլ է շկոտ, որի մասին ոչ ոք բանակում չի համարձակվում բարձրաձայն ասել:
Պարտադիր չէ, որ շկոտնիկը շարքային լինի, շկոտ անում են նաև սպաներն ու խոհարարները` զորքի ուտելիքից տուն տանելով: Եղել են խոհարարներ, որոնք շկոտի վրա բռնվել են ու աշխատանքից հեռացվել: Հաճախ, երբ զորքի ճաշի մեջ կարտոֆիլը քիչ է լինում կամ փչացած, կամ էլ սալաթի մեջ ձեթ չի լինում, ուրեմն շկոտի արդյունքներն են:
Ինչպես շատ սովորություններ ու դրվածքներ, այնպես էլ շկոտը տարբեր զորամասերում տարբեր վերաբերմունքի է արժանանում, և շկոտնիկների հետ էլ տարբեր ձևերով են վարվում: Զորամաս կա, որտեղ ընդհանրապես շկոտ չկա կամ, եթե կա էլ, չի նկատվում, որովհետև կամ հրամանատարությունն է շատ խիստ հետևում, կամ էլ շկոտ անելու հետ մեկտեղ զորքի ճաշը կարողանում են նորմալ տալ:
Եթե զորքից շկոտ անող շարքայինին կարող ես ինչ-որ ձևով հասկացնել, որ նա այլևս չանի, ու շկոտի դեմն ինչ-որ կերպ առնես, ապա զինվորի համար ավելի դժվար է տանել, երբ սպայական կազմից են շկոտ անողները, որովհետև դրան զինվորն ուղղակի ստիպված է հարմարվել ու իր զայրույթը մեջը պահել:
Մի օրինակ: Ծառայությանս ընթացքում ամենատհաճ բաներից մեկը, որ հանդիպել եմ, ճամբարային հավաքի ժամանակ էր: Ընդհանրապես այդ հավաքներին զորքը ջրի մեծ խնդիր է ունենում: Մի առավոտ զորքը բացարձակ ջուր չուներ, նախաճաշին էլ թեյ չէին տվել: Իսկ մինչ զորքը կեղտոտ, ծարավ ու նաև սոված չլվում էր, հրամանատարական վրանում գումարտակի հրամանատարը զորքի բաժին ջրով սարքած խաշի էր հրավիրել գնդի հրամանատարին ու գնդի շտաբի պետին:
Բանակն էդքան էլ սարսափելի տեղ չի, երբ փորդ կուշտ ա:

Դիտվել է 6012 անգամ:
Print Friendly

Leave a Reply