Տարոն Մարգարյանը հանդիպել է Հալլեի քաղաքապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 16, 2012 17:42

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Հալլե քաղաքի  քաղաքապետ տիկին Դագմար Շաբադոսի հետ:

Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու հրավերն ընդունելու համար, ապա համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը, ինչպես նաև քաղաքային իշխանության ենթակառուցվածքները:

«Այժմ մենք համագործակցում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ` «Համայնքների Զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք երկկողմ համագործակցության հաստատման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ գտնել: Երևանում այսօր ձևավորված է ներդրումային ծրագրերի իրականացման համար շահավետ դաշտ»,-նշել է Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դագմար Շաբադոսը, ներկայացնելով Հալլե քաղաքի անցած ուղին, հույս է հայտնել, որ քաղաքների միջև գործընկերությունը կլինի բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցություն ու հրավիրել է քաղաքապետին այցելել Հալլե և տեղում  նաև փաստաթղթով ամրագրել գործընկերային հարաբերությունների սկիզբը:

Հալլեի քաղաքապետը շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ և նշել, որ Հալլեում այդ շրջանակում ապրիլի 15-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ընդունելով շնորհավորանքները` քաղաքապետը նշել է, որ տեղյակ է, որ Հալլեի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ավելի քան 300 տարի հայերեն է դասավանդվում է, ինչպես նաև գիտական համատեղ ծրագրեր են ընթանում Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարայանը, որպես սկիզբ,  առաջարկել է մասնագետների փոխայցեր կազմակերպել, ծանոթանալ երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին և ծրագրերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply