ԱՄՆ ՄԶԳ-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկու դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 16, 2012 14:14
Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ապրիլի 16-ին ստորագրեցին երկու դրամաշնորհային համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի նախարարությանը` նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը բարելավելու և Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման նպատակով: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ:
Առաջին ծրագրի նպատակն է աջակցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` վերջերս ստեղծված «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կարողությունների հզորացման միջոցով 2012 թվականին անցկացնելու իրազեկման արշավներ, ինչպես նաև իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող ֆինանսական գրագիտության արդյունավետ ծրագրեր:
Երկրորդ համաձայնագրով ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների հասանելիության և մատչելիության գնահատման, առկա թերությունների բացահայտման և ավելի լավ համակարգում և արդյունավետություն ապահովելու ծրագրերի մշակման հարցում:
Երկու ծրագրերը 2010թ. օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ Կառավարության կողմից ստորագրված Առողջապահության և սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի մասն են հանդիսանում:






Facebook
Tweet This
Email This Post
