Արա Հարությունյան. «Համամիտ չենք, որ հարկային մեծ արտոնությունները բերում են տնտեսական զարգացման»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2012 14:01

«2011-ին ՀՆԱ իրական աճը ԼՂՀ-ում կազմել է 9,1 տոկոս: Աճի տեմպերում փոքր է խոշոր ձեռնարկությունների մասնակցությունը, հիմնական աճը ապահովում են փոքր և միջին ձեռնարկությունները»,- Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Իսկ տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է: Վարչապետ նշում է, որ Արցախում կան ալրաղացներ, քանի որ Ղարաբաղի գյուղատնտեսության մեջ հիմնական ուղղությունը ցորենի մշակումն է: Կաթի վերամշակման համար գործում են  կաթ մթերող կոմբինատներ: Մսի վաճառքն իրականացվում է ուղղակի, առանց միջնորդների: Պետական մասնակցությամբ գործում է  Արցախ Ֆրուտ պահածոների գործարանը: Այն այսօր գործող հիմնական պահածոյի գործարանն է Արցախում, լուրջ համբավ ունի թե արտերկրում, թե Հայասանում: Արտադրանքի իննսուն տոկոսից ավելին արտահանվում է,  քանի որ տնային պայմաններում  պահածո պատրաստելու մշակույթը  Արցախում պահպանվում է:  Հիմնականում արտահանում են Ռուսաստան, Եվրոպական երկրներ և այլն:

«Խնդիր է դրված ավելացնել արտադրության ծավալները: Երեք տարվա գործարան է և ամեն տարի քսան-երեսուն տոկոս ավելանում է թողարկվող արտադրանքը: Արդեն վերամշակվող հումքի պակաս ունենք: Համոզված եմ տարիներ հետո Արցախ ֆրուտի աչտադրանքը բրենդային է լինելու, չնայած այսօր էլ այդպիսին է, պարզապես ծավալները շատ քիչ են»,- ասում է Հարությունյանը:

ԼՂՀ  վարչապետը նշում է, որ  տնտեսությունում կան միայն բնական մենաշնորհներ. Արցախ գազ, Արցախ կապ, Արցախ էներգո, «մյուս ոլորտներում կան գերիշխող դիրք ունեցողներ, բայց մենաշնորհներ չունենք»:

Գնաճը կանխելու համար կառավարությունը ծրագրեր է մշակում. շուտով արցախում կգործի  բուսական յուղի, հնդկացորենի արտադրություն, ինչը կբերի գների նվազեցման, սոյայի արտադրություն է  փորձարկվում:

«Գյուղատնտեսության զարգացումը ազգային անվտանգության հիմնական խնդիրն է: Ներմուծումից կախված լինելով միշտ էլ թանկացումներ լինելու են,- ասում է Հարությունյանը: -Էներգակիրների զարգացման առումով էլի աշխատանքներ են կատարվում: Շատ տեղերում փորձում ենք հրաժարվել ջեռուցման նպատակով գազի օգտագործումից, քանի որ այդ կախվածությունը, որ ունեն ՀՀ-ն  ու ԼՂՀ-ն,  առաջիկա տարիների համար լուրջ փորձություն  է լինելու: Ընդհանուր միջազգային գներն են թանկանում, և մենք պետք է այլընտրանքային միջոցների մասին մտաենք: Ունենք քարածուխի հանք, որը ևս ինչ-որ կերպ լուծելու է այլընտրանքային էներգիայի խնդիրը»:

Անդրադառնալով ՀՀ և ԼՂՀ հարկային քաղաքականության տարբերություններին` Հարությունյանը նշում է, որ աշխատում են, որ տարբերություններ չլինեն, քանի որ նույն տնտեսական գոտին է:  Տարբերությունն այն է, որ Արցախում եկամտահարկը և շահութահարկը հինգ տոկոս է, գյուղատնտեսությունն էլ ընդհանրապես ազատված է ԱԱՀ-ից:

«Համամիտ չենք, որ հարկային մեծ արտոնությունները բերում են տնտեսական զարգացման: Ունեինք նախադեպ, երբ Քաշաթաղն ընդհանրապես ազատված էր բոլոր հարկերից, օվշորային գոտի էր, բայց այնտեղ այդպես էլ որևէ ձեռնարկություն չստեղծվեց, հակառակը, որոշ «շուստրիներ» ձևակերպվում էին այնտեղ, բայց տնտեսական գործունեություն իրականացնում էին Երևանում կամ Ստեփանակերտում: Այսօր Քաշաթաղը նույն հարկային քաղաքականության գոտում է, բայց արտոնյալ վարկերի և այլ աջակցությունների շնորհիվ արդեն ձեռնարկություններ են ստեղծվում,- ասում է Հարությույանը:-  Շեշտը պետք է դրվի ոչ թե հարկային արտոնությունների, այլ աջակցության ծրագրերի վրա:  Պետք է ստեղծենք հավասար պայմաններ բոլորի համար»:

Անդրադառնալով ժողովրդագրական իրավիճակին` Հարությունյանն ասում է, թե ներկայիս կառավարության ամենամեծ ձեռքբերումը վերջին տարիներին ժողովրդագրական դրական ցուցանիշներն են. վճակագրական տվյալներով Արցախի բնակչության թվաքանակը հասնում է 145 հազարի, մինչդեռ 2007-ին 138 հազար բնակիչ կար: «Ունենք բնակչության մեխանիկական և բնական աճ, միգրացիոն սալդոն էլ դրական է»:

ԼՂՀ-ում բարձր են նաև բնակարանների գները, քանի որ պահանջարկը մեծ է: Սակայն վերաբնակեցման ծրագրեր չեն իրականացվում:

«Վերաբնակեցման համար  շատ մեծ գումարներ են պահանջվում, բնակարանի խնդիր կա, իսկ բնակարանով ապահովելը վերաբնակեցման հիմնական պայմաններից է,  մինչդեռ  մեկ բնակարան կառուցելն  արժե  տասնհինգ-քսան միլիոն դրամ: Եթե ուզում ենք մեկ ընտանիք վերաբնկեցնել, պետք է գոնե այդքան գումար հատկացնենք, ինչի հնարավորությունը պետբյուջեն չունի»,- ասում է Հարությունյանը:

Փոխարենը Քաշաթաղի և Շահումյանի շրջանում զարգացման ծրագիր կիրականացվի, կզարգացնեն ենթակառուցվածքները` ջրի և ոռոգման համակարգ, կապ, էլեկտրաէներգիա, ճանապարհեր: «Այդքանն անելով և ապահովելով անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, մարդիկ արդեն հաճույքով կտեղափոխվեն և կապրեն  Արցախում»:

Իսկ տարբեր ծրագրերի շնորհիվ այդ շրջանների բնակիչները կարող են մինչև 1,5 մլն դրամի վարկ վերցնել առանց գրավի, 6,5 տոկոս տոկոսադրույքով, որը հնարավորություն կտա զբաղվել հողագործությամբ կամ անասնապահությամբ:

Կան  նաև վերաբնակիչներ Սիրիայից, որոնց հող է հատկացրել, վեց-յոթ ընտանիք է արդեն հաստատվել, որոնք, ըստ Հարությունյանի, առաջին ծիծեռնակներն են: Նրանք արդեն փորձում են արտադրություն ևս կազմակերպել:

Հադրութում էլ ՀՀ տարբեր շրջաններից բնակություն հաստատելու ցանկություն են հայտնել մի քանի ընտանիքներ, տասնհինգ ընտանիք արդեն վերաբնակեցման փուլում է:

«Ժամանակին վերաբնակեցում իրականացվել է, այն ժամանակվա հրապարակվող տվյալների համաձայն Քաշաթաղում 14-15 հազար բնակիչ կար, մինչդեռ 2007-ին  նույն տեղում արդեն յոթ հազար բնակիչ կար,  քանի որ նվազագույն պայմաններ չկային, հոսանք չկար, հիվանդանոց չկար, դպրոց չկար, աշխատանքի հնարավորություն չկար և մարդիկ ինչպես եկել էին, այնպես էլ սկսեցին հեռանալ: Փորձեցինք կանխել: Հիմա հիմնականում արտահոսքը կանխվել է և արդեն հակառակ երևույթն է նկատվում»:

ԼՂՀ-ում, ըստ Հարությունյանի, ծայրահեղ աղքատներ չկան, իսկ աղքատների թիվը հայտնի չէ, քանի որ չեն հաշվարկել: Գործազրկությունը կազմում է 5-6 տոկոս, սակայն շատ տեղերում առկա է նաև աշխատուժի պակաս. «Գյուղատնտեսության, շինարարության ոլորտում տղամարդու աշխատուժ է հարկավոր: Անհնար է, որ ասես տղամարդու աշխատանք եմ փնտրում ու չգտնես»:

Կա նաև կանանց աշխատանքով ապահովելու խնդիր, մանավանդ քաղաքներում, մեծ բնակավայրերում. «Այստեղ լուծումը տեսնում ենք գյուղատնտեսության մեջ, վերամշակող և թեթև արտադրության զարգացմամբ կանանց ևս կկարողանանք աշխատանքով ապահովել»:

ԼՂՀ վարչապետ Արցախի ամենամեծ խնդիրներից է համարում ջրամատակարարման հարցը:

Այսօր արդեն ավարտի փուլում է Ստեփանակերտը ջրով ապահովելու ծրագիրը, քաղաքի որոշ թաղամասերում արդեն կա շուրջօրյա ջուր, մինչև տարեվերջ քաղաքի ութսուն տոկոսն ապահովված կլինի շուրջօրյա ջրամատակարարմամբ և լրիվ նոր ջրատար համակարգով: Որակյալ ջուր ապահովելու համար կառուցվում է  մեկ ֆիլտր կայան և մեկն էլ վերանորոգվում է:

Հարությունյանն ասում է, որ մեկ ամսից ջուրը լինելու է շատ ավելի որակով և ավելի շատ բնակավայրեր կընդգրկվեն շուրջօրյա ջրամատակարարման համակարգում:  Նույն աշխատանքներն իրականացվում են նաև մյուս բնակավայրերում:

«Երկու տարի առաջ Քաշաթաղի Տիգրանավան գյուղում ողջ բնակավայրը թունավորվել էր խմելու ջրից, որովհետև ժամանակին մարդկանց բնակեցնում էին որտեղ պատահի: Այդ նույն վիճակն էր Արցախի գրեթե բոլոր գյուղերում:  150-200 մլն դոլարի ներդրում էր պահանջվում ջրամատակարարմամբ ապահովելու համար և քիչ-քիչ անելով գնում ենք»,- ասում է Հարությունյանը` հավելելով, որ  Ստեփանակերտի ջրամատակարարումը պետբյուջեի հաշվին է իրականացվում և ջրամատակարարման համակարգը պետական սեփականություն է:

Դիտվել է 1860 անգամ:
Print Friendly

Leave a Reply