ԼՂՀ վարչապետ. «Մեզ մոտ պաշտոնյաների այցելությունները պրոտոկոլային բնույթ չեն կրում»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 16, 2012 13:48
«Ժողովրդավարությունն այն է, երբ երկրի քաղաքացու ձայնը հասնում է երկրի իշխանավորներին, նրանք էլ արձագանքում են ու փորձում դրական լուծում տալ: Մեզ մոտ գործում է ուղղակի կապ, ուղղակի ժողովրդավարություն»,- ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` անդրադառնալով երկրում ժողովրդավարության վիճակին:
Նրա խոսքով`քաղաքացիները ցանկացած խնդրով կարող են դիմել երկրի վարչապետին կամ նախագահին` անմիջապես զանգելով կամ ընդունարանի միջոցով կապ հաստատելով:
«Նախագահն առիթը բաց չի թողնում լինել գյուղերում, հանդիպել բնակիչների հետ: Մեզ մոտ պաշտոնյաների այցելությունները պրոտոկոլային բնույթ չեն կրում, որ նախապես հստակեցվի, թե ով ինչ հարց է տալու կամ ով է մասնակցելու, որ ամեն ինչ հարթ ընթանա: Երկրի ցանկացած քաղաքացի իր տեսակետն է արտահայտում և կարողանում է ցանկացած հարց հասցնել երկրի պաշտոնյաներին»,- ասում է վարչապետը:
Նրա խոսքով`երբ տեղական իշխանությունները կամ իրավապահ մարմինները փորձում են մեկի հանդեպ անարդարություն իրականացնել, առաջին «ուգրոզան», որ լինում է` կգնամ նախագահի մոտ, և դա ազդում է, քանի որ գիտեն. ցանկացած խնդիր հասնում է նախագահին. «Ինձ որ ասում են, թե Ղարաբաղում ինչքան մարդ է ապրում, ասում եմ թույլ տվեք հաշվել. ճանաչում ենք ողջ բնակչությանը»:






Facebook
Tweet This
Email This Post
