Տարվա լավագույն երգիչն ու երգչուհին անկեղծանում են. մրցանակն իրենց համար սպասված էր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 16, 2012 10:36

Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագուն երգչուհի եւ երգիչ ճանաչվեցին Սոնա Շահգելդյանը եւ Էրիկը: Մրցանակաբաշխության ավարտից հետո «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց  մրցանակակիրների հետ:

«Անկեղծ կլինեմ. ցանկացած արվեստագետ, ցանկացած երգիչ միշտ  էլ ակնկալում է շնորհակալություն իր աշխատանքի համար. այս մրցանակն ամենամեծ գնահատականներից մեկն էր»,- նշեց Էրիկը: Նա շեշտեց, որ «Լավագույն երգիչ» տիտղոսը  ամենաբարձր գնատահատականն էր, որ նա  կարող էր ստանալ իր հայրենիքում:

«Իսկապես, հուզվում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես եմ եկել Հայաստան եւ այն, ինչ ունեմ այսօր»,- շեշտեց  երգիչը: Նա մրցանակն ինչպես հաճելի, այնպես էլ պարտավորեցնող համարեց`  նշելով, որ շարունակելու է  իր ստեղծագործական ակտիվ գործունեությունը նույն ոգեւորությամբ եւ սիրով:

«Ես նախորդ տարիներին եւս սպասում էի այս մրցանակին, բայց որ այս տարի ստացա, նույնպես դժգոհ չեմ»,- ասաց Սոնա Շահգելդյանը:

Նրա խոսքով` կարեւորը հանդիսատեսի սերն է, որ իրեն միշտ հաջողվում է  տալ եւ ստանալ:

«Ինձ համար մրցանակը սպասված էր, չեմ կարող հերքել կամ ձեւականություն անել»,- հավելեց երգչուհին:

Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Գրիգոր Նազարյանի կարծիքով` մրցանակաբաշխության ընտրակարգի նոր ձեւաչափը հնարավորություն ընձեռեց տարբեր անվանակարգերում ներկայացվածների  որակական հատկանիշները եւ հանդիսատեսի սերը դնել միեւնույն հարթության վրա:

«Անվանակարգերի հաղթողները դեմոկրատական սկզբունքով են ընտրվել` ժյուրիի կազմում ընդգրկված ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- «Արմենպրես»-ին ասաց Նազարյանը:  Նրա գնահատմամբ` չհաշված որոշ տեխնիկական խոչընդոտներ` մրցանակաբաշխությունը կարելի է կայացած համարել:

Տարվա լավագույն երգչին եւ երգչուհուն միավորում է նաեւ այն , որ երկուսն էլ ներկայացրել են Հայաստանը  «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթում: Էրիկը` մասնակցել է  «Նոր ալիք-2011»-ին, Սոնան`  «Նոր ալիք 2010»-ին` հաղթելով  հեղինակավոր մրցույթը:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply