Հարավ-Արեւմտյան թաղամասում կոտրել են ՀԱԿ թեկնածուի քիթը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 15, 2012 22:17

Այսօր՝ ապրիլի 15-ին Հարավ-Արեւմտյան թաղամասում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորության թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի 77-րդ համարը զբաղեցնող Բաբկեն Գարոյանը:

Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված, հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանի մտերիմները:

Այսօր՝ օրվա մեջ խոչընդոտվել էր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Դրանից հետո՝ ժամը 19-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստները փորձել են քարոզարշավը շարունակել Սվաճյան փողոցում: Սվաճյան 44 հասցեում մի խումբ ակտիվիստներ՝ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի գլխավորությամբ, թռուցիկներ են բաժանել, երբ մոտ 10-12 ֆիզիկապես պինդ երիտասարդներ հարձակվել են նրանց վրա:

ՀԱԿ ակտիվիստներին հայհոյել են, քաշքշել, խոչընդոտել տեսանկարահանումը: Թեկնածու Բաբկեն Գարոյանը փորձել է կարգի հրավիրել հարձակվողներին, եւ ծեծի է ենթարկվել: Ծեծի արդյունքում կոտրվել է թեկնածուի քիթը, նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ալեքսանյանի մտերիմները նաեւ հարվածել են Գայանե Առուստամյանին: ՀԱԿ-ի շտաբը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը:

Նշենք, որ ավելի վաղ ՀԱԹ Ա1 թաղամասում Սամվել Ալեքսանյանի մտերիմները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի ընտրապայքարը: Մի քանի տասնյակ կանայք եւ տղամարդիկ Փաշինյանից եւ ընդդիմադիր ակտիվիստներից պահանջել են թռուցիկներ չբաժանել, նաեւ հայհոյախառն վանկարկումներով ստիպել են դադարեցնել քարոզարշավը:
Փաշինյանը դեպքի կապակցությամբ տեղեկացրել էր ոստիկանությանը:

news.am

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply