Հայաստանի հավաքականը հավատում է Իսպանիայի հետ խաղում իր հաջողությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 9, 2009 18:55

Վաղը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակում մրցելու են ֆուտբոլի Հայաստանի և Իսպանիայի ազգային հավաքականները: Երկու թիմերի համար էլ այս հանդիպումը էական նշանակություն չունի: Իսպանացիները խմբի ակնհայտ առաջատարն են, իսկ մերոնք` ետնապահը:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին հավաքականների գլխավոր մարզիչները:

Մայրաքաղաքի «Ռեժինե» հյուրանոցում անցկացված ասուլիսի ժամանակ ֆուտբոլի մեր երկրի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնեց, որ, չնայած մրցակիցը Եվրոպայի չեմպիոնն է, սակայն ինքը հավատում է իր թիմի հաջողությանը: «Իսպանիայի հավաքականն ավելի բարձրակարգ թիմ է: ինձ համար դա աշխարհի թիվ 1 հավաքականն է: Բայց կարելի է խաղալ, և ես անկեղծորեն հավատում եմ լավ արդյունքին»,-ասաց Մինասյանը: Նա կարևորեց, որ դրա համար պետք է հարգել հակառակորդին, սակայն չպետք է կաշկանդվել և գործել համախմբված:

«Արմենիա Մարիոտ» հյուրանոցում լրագրողների հարցերին պատասխանեց Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենթե դել Բոսկեն. սրահում ասեղ գցելու տեղ չկար, մեծ թիվ էին կազմում իսպանացի լրագրողները: Մամուլի ասուլիսն ուղիղ եթերով ցուցադրվում էր Իսպանիայում: Բոսկեն հայտնեց, որ թեև ֆուտբոլի Հայաստանի հավաքականի վարկանիշն անհամեմատ ցածր է և թիմը մրցաշարային աղյուսակում ստորին դիրքում է, այդուհանդերձ, իրենք չեն թերագնահատում մրցակցին և խաղալու են հաղթելու համար:

Թե մարզիչներից ով է խոսքի տերը, կպարզվի միայն վաղը կայանալիք հանդիպումից հետո:

ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը մարտական կազմով է ժամանել Երևան:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply