Մայրաքաղաքում շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ է տնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 17:08
Համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքել են մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպությունները, բիզնես կառույցները, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատությունները, համատիրություններն ու տասնյկակ հազարավոր երևանցիներ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից, նախապես համաձայնեցված վայրերում, իրականացվել են ինչպես մաքրման և բարեկարգման, այնպես էլ ծառատունկի աշխատանքներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, Հաղթանակ զբոսայգու տարածքում առավոտյան մասնակցել է ծառատունկի։ Դիվանագետները նշել են , որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը կարևոր ու գնահատելի է ոչ միայն բնապահպանության առումով, այլև ժողովուրդների բարեկամության ևս մեկ յուրօրինակ խորհրդանիշ է։
Այնուհետ Տարոն Մարգարյանը մշտադալար թույաներ է տնկել Եռաբլուրում, ինչով , ըստ էության , դրվել է այստեղ նախատեսվող շուրջ 12 հեկտար տարածությամբ անտառպուրակի հիմքը։ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքապետը ծառեր է տնկել Շողակաթ հեռուստաընկերության հարակից այգում։
Շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նշված աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ միջոցներ։ Բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին ևս տրամադրվել են համապատասխան գործիքներ և հանձնարարվել է համատիրությունների միջոցով հատկապես բակային տարածքներում մաքրման, բարեկարգման և ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով բնակիչներին ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով և միջոցներով:
Գարնանային ծառատունկի շրջանակում, Երևանի բոլոր վարչական շրջաններում ապրիլի 14-ին տնկվել է շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տնկիներ են տրամադրվել նաև համատիրություններին։ Ծառատունկի համար քաղաքապետարանը տրամադրել է մայրաքաղաքի բնակլիմայական և էկոհամակարգին հատուկ համապատասխան տնկիներ։ Հարկ է նշել, որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով, Երևեանի քաղաքապետարանի 2012թ. ծրագրով 16.000 գծամետր ոռոգման նոր ցանց կանցկացվի։ Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է մայրաքաղաքում ավելի քան 70.000 ծառ և թուփ տնկել, ինչը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվանից: Նախատեսվում է նաև զգալիորեն ավելացնել մայրաքաղաքի սիզամարգերն ու ծաղկապատ տարածքները: Ծառերին ու մշտադալար թփերին զուգահեռ՝ մայրաքաղաքում այս տարի ավելի քան 1 միլիոն 600 հազար հատ բազմերանգ ծաղիկ կտնկվի, ինչը երեք անգամ կգերազանցի նախորդ տարվա համանման ցուցանիշը:
Ընդառաջելով շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին` մայրաքաղաքում գործունեություն իրականացնող շինարարական կազմակերպություններն աղբի հավաքման և տեղափոխման նպատակով տրամադրել են անհրաժեշտ մեքենամեխանիզմներ։ Նշված աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 103 ինքնաթափ, 36 ամբարձիչ և 5 վերամբարձ կռունկ:






Facebook
Tweet This
Email This Post
