Մարտուն Գրիգորյան. «Կասկածյալը ԲՀԿ անդամ չէ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 15:40
ԱԺ պատգամավոր եւ պատգամավորի ԲՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանը հերքել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։
«Կասկածյալին ճանաչում եմ, սպանվածին էլ եմ ճանաչում, երկուսի հետ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել»,-Ա1+-ի հետ զրույցում ասել է Մարտուն Գրիգորյանը։
Նա գիտի, թե ինչու է Վարդան Ղուկասյանը փեսացուի սպանությունը քաղաքականացնում եւ կապում ԲՀԿ-ի ու իր անվան հետ։
«Մեծամասնականով առաջադրված թեկնածու եմ, իմ անձը փորձում են սեւացնել»,-ասել է ԲՀԿ-ական թեկնածուն։
Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանը երեկ հայտարարել էր, թե սպանության գործով ձերբակալվածները «Գյումրիի ԲՀԿ շտաբի կարկառուն անդամներ են»։ Մարտուն Գրիգորյանը հակադարձել է՝ ընդգծելով, որ իր տեղեկություններով ձերբակալվածը մեկն է՝ Հարությունը. «Ոչ նա, ոչ նրա ընտանիքի անդամները ԲՀԿ-ական չեն»։
Վերջինիս հայտնի է, թե որ քաղաքական ուժն է կանգնած իր անձը սևացնելու փորձերի հետևում։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել Գյումրին ընդգրկող 34-րդ ընտրատարածքում, որտեղ նրա հիմնական մրցակիցը ՀՀԿ-ական Արման Սահակյանն է։






Facebook
Tweet This
Email This Post
