Այսօր հոգեկան առողջության միջազգային օրն է. «Ջերմիկ անկյուն»-ը կազմակերպել էր ցուցահանդես

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 9, 2009 18:40

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր տեղի ունեցավ ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հեղինակները «Ջերմիկ անկյուն» խմբային տան տասներկու բնակիչներն էին` մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երիտասարդներ:

29-ամյա Գայանեն ու 28-ամյա Ռոմանը «Ջերմիկ անկյան» ամենահին բնակիչներից են: Գայանեն երազում է գորգագործության վարպետ դառնալ: Նա հպարտորեն հյուրերին ներկայացնում էր իր աշխատանքները` մակրամեներ, ասեղնագործ սփռոցներ, փոքրիկ գոբելեններ: «Ջերմիկ անկյան» խնամողներից մեկի` Կարինե Յախինյանի խոսքով՝ Գայանեն խմբի «շտապ օգնությունն» է.  հենց որևէ մեկին մի բան է պատահում, նա առաջինն է հասնում օգնության:

Ռոմանը հատուկ սեր ունի տեխնիկայի հանդեպ, սիրում է լոգոներ հավաքել, նաև շատ լավ նկարում է. նրա աշխատանքները ևս ներկայացված էին ցուցահանդեսում:

Յախինյանն ասում է, որ երիտասարդներին իրենք ընկալում են` որպես սովորական մարդկանց. «Այնքան ենք կապվել նրանց հետ, որ չենք էլ զգում, թե նրանք մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեն»:

Խնամողները պատմում են, որ երիտասարդների առօրյան շատ հագեցած է. հաճախում են Երևանի պետական հումանիտար քոլեջ, որտեղ գորգագործություն և այգեգործություն են սովորում: Դասերից հետո` ջերմիկ տանը, նրանց այլ պարապմունքներ են սպասում` երգեցողություն, ասեղնագործություն, գոբելենագարծություն, հայոց լեզու, համակարգչային դասընթացներ, բուժօգնություն:

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանն ասում է, որ իրենց նպատակն է ստեղծել համայնքահեն երկարաժամկետ խնամքի տներ, որտեղ միայնակ, չափահաս հաշմանդամներին կտրամադրվի անհատական խնամք` կենցաղային և ընտանեկան միջավայրում:

«Ջերմիկ անկյունն» առաջին երկարաժամկետ խմբային տունն է Հայաստանում: Այն հիմնադրվել է 2005 թ.` «Խաղաղության կորպուս» միջազգային կազմակերպության նախկին կամավոր Նաթալի Ռիզիեռիի կողմից:

Ներկայումս Հայաստանում բնակվում են նմանատիպ խնդիրներ ունեցող մոտ  150 անձիք:

Դիտվել է 1637 անգամ:
Print Friendly

Leave a Reply