Որքանո՞վ են ԵՊԼՀ-ում արձանագրված խախտումները լուրջ և հիմնավոր, պարզ կլինի ապրիլի 17-ին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 14, 2012 14:50

ԵՊԼՀ մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «Վերջին օրերին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և անձամբ նախարարը հիշատակել են ԵՊԼՀ-ում տեղ գտած խախտումների թեման: Այդ առիթով, հայտարարում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից 12.04.2012 թ.-ին կազմված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտի քննարկումը նախատեսվում է ԵՊԼՀ ընդլայնված գիտական խորհրդի 17.04.2012թ. կայանալիք նիստում: Նիստին հրավիրված են նաև ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանը և վերջինիս 19.03.2012թ. N 190 Ա/Ք հրամանով ստեղծված վերահսկողություն իրականացնող հանձաժողովի անդամները»:

Հաղորդագրությունում նշվում է նաև, թե հաշվի չի առնվել բուհի կողմից 12.04.2012 թ. ՀՀ ԿԳՆ կայքում տեղադրված ակտի վերաբերյալ տրված հայտարարությունը. «…սակայն մինչ այդ խնդրում ենք խուսափել «լուրջ խախտում» եզրույթից, քանի որ այն հասարակական ինքնագիտակցության հարթությունում մեկնաբանվում է՝ որպես հանցագործություն և, ըստ էության, հանցագործության հոմանիշ է և բավարար հիմքերի բացակայության դեպքում այն անխուսափելիորեն պետք է մեկնաբանվի որպես սուտ մատնություն»:

ԵՊԼՀ մամլո ծառայությունը խնդրում է պատասխանատու անձանց ու լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված տեղեկություններից ու գնահատականներից, քանի որ թե որքանո՞վ են խախտումները լուրջ և հիմնավոր, պարզ կլինի ապրիլի 17-ին կայանալիք արտահերթ ընդլայնված գիտական խորհրդի նիստին:

ԵՊԼՀ մամլո ծառայությունը նաև անդրադարձ է կատարել նախօրեին ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ԵՊԼՀ-ի կազմալուծման վերաբերյալ տրված մեկնաբանությանը, որը նա անվանել էր աբսուրդային. «Իրավասություն չունենալով հերքել կամ հավաստիացնել այդ լուրերը՝ համենայնդեպս ուզում ենք հայտարարել, որ նման լուրերի համար հիմք կարող են ծառայել նախարար Աշոտյանի գործունեությունը, նրա արձակած հրամանները և համալսարանին ուղղված գրությունները: Որպես օրինակ հրապարակենք ՀՀ ԿԳՆ 12.03.2010թ. 95-Ա/Ք հրամանը՝ 031100-«Լեզվաբանություն» և 031200-«Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն ստանալու հայտը մերժելու մասին:

Եթե այդ հրամանը մտներ ուժի մեջ, ապա բուհը կզրկվեր «Լեզվաբանություն» և «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտություններից, իսկ ԵՊԼՀ ուսանողները պիտի տեղափոխվեին լիցենզավորված այլ բուհեր: Համալսարանում մնալու էր 3 մասնագիտություն՝ մանկավարժություն, միջազգային լրագրություն, կրթության կառավարում՝ մոտ 4000 ուսանողից մոտավորապես ունենալով 400 ուսանող:

Բնական է, որ նման բուհի գործունեությունը դժվար թե համարվեր նպատակահարմար, և այն կմիացվեր համապատասխան պրոֆիլ/ուղղվածություն ունեցող բուհի, ավելին՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն շենքը ենթակա կլիներ վաճառքի: Միայն համալսարանի ղեկավարության դիմադրությունը ստիպեց պարոն Աշոտյանին հրաժարվել նման դիրքորոշումից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply