Նշան անունով հայի ճակատագրական փախուստը` Թուրքիայից «Տիտանիկ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 14, 2012 14:46

Նշան Գրիգորյանը քսան տարեկան էր, երբ հայրը հորդորում է նրան գաղթել Արևմտյան Հայաստանից և նոր կյանք սկսել, ինչպես դա անում էին հազարավոր հայեր`փորձելով փախչել թուրքական բռնությունից: Մի հայի ճակատագիրն է ներկայացնում «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:

Հոր հորդորներից հետո Նշանը մեկնում է Եվրոպա և ձեռք բերում «Տիտանիկի» 3-րդ կարգի տոմս:

«Նրա հայրն կոչ էր անում նրան հեռանալու Օսմանյան Թուրքիայից և Կանադայում նոր կյանք սկսելու` հետագայում կրտսեր եղբայրներին կանչելու ակնկալիքով» – պատմում է Նշան Գրիգորյանի թոռը` Վան Սոլոմոնյանը և շարունակում. «Պապս և ևս 4 հայ մեկնել էին Ֆրանսիա` Շերբուրգ, որտեղ էլ ճակատագրի բերումով «Տիտանիկի» տոմսեր էին ձեռք բերել»։

Նշանը եղել է 3-րդ կարգի 700 ուղևորներից մեկը:

Սոլոմոնյանի խոսքով, պապը պատմել է, որ ապրիլի 14-ին, երբ նավը բախվել է սառցալեռանը, ինքը ընկերների հետ թղթախաղ էր զբաղված։ Հարվածից հետո խուճապ է սկսվել: Իրավիճակը բարդացնում էր հատկապես այն, որ 3-րդ կարգի տոմսերով ուղևորները գտնվում էին ստորին հարկերում, իսկ այնտեղից դուրս գալու դռները փակված էին, քանի որ հրամայված էր առաջին հերթին փրկել 1-ին և 2-րդ կարգի տոմս ունեցող ուղևորներին:

«Նրանց հաջողվում է մի կերպ դուրս պրծել և բարձրանալ տախտախամած: Պապս հայտնվում է թիվ 10 մակույկում և փրկվում»:

3-րդ կարգի տոմսերով ուղևորների մեծամասնության բախտը չի բերել: Ավելի քան երկու երրորդը զոհվել է, քանի որ չի կարողացել բարձրանալ տախտակամած:

Նավի ուղևորների ընդհանուր թիվը մոտ 2,200 էր, նրանցից փրկվել է ընդամենը 700-ը։

Նավաբեկությունից փրկվելուց հետո Նշան Գրիգորյանը մեկնել է Կանադա, որտեղ և վերջնականապես հանգրվանել է Սենթ Քեթրին քաղաքում:

Աշխատելով «Ջեներալ Մոթորզ»-ի գործարանում և վաստակելով բավական գումար՝ նա իրականացրել է հոր երազանքը` կրտսեր եղբայրներին տեղափոխել Կանադա և հիմնել այդ քաղաքի 1-ին հայկական եկեղեցին։

Նշանը մահացել է 89 տարեկան հասակում` 1985 թվականին:

Վան Սոլոմոնյանը, ով այժմ ապրում է Տորոնտոյում, հիշում է իր պապին՝ որպես մի լռակյաց մարդու, ով անգլերեն քիչ էր խոսում և միշտ հաշվում էր հայկական ավանդական համրիչը՝ թզբեհը:

Նշանը հազվադեպ էր խոսում «Տիտանիկում» տեղի ունեցած ճակատագրական դեպքերի մասին, բայց նա երբեք չի մոռացել այդ օրվա սարսափը:

«Նա կյանքում էլ երբեք այլևս նավ չնստեց,- պատմում է Վանը, – Սենթ Քեթրինի Օնտարիո լճի ափին կար գեղեցիկ մի լողափ, և մեր ընտանիքն ամեն կիրակի գնում էր այնտեղ պիկնիկի, բայց Նշան պապը երբեք լիճ չմտավ: Նա երբեք չկարողացավ հաղթահարել այդ վախը»:

Tert.am

Դիտվել է 2051 անգամ:
Print Friendly

Leave a Reply