Գվինեա Բիսաուում ապստամբները ձերբակալել են երկրի նախագահին և վարչապետին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2012 14:40

Գվինեա Բիսաույում պետական հեղաշրջման առաջնորդները ձերբակալել են երկրի ժամանակավոր նախագահ Ռայմունդո Պերեյրային և գործող վարչապետ Կարլոս Գոմեսին, գրում է The Telegraph-ը:

Անհայտ ապստամբները ռադիոյով արված հայտարարության մեջ նշել են. «Մենք նպատակ չունենք իշխանությունը զավթել և ստանձնել երկրի ղեկավարումը: Այս ձերբակալություններն արվել են վարչապետի և Անգոլայի ռազմական ուժերի միջև Գվինեա Բիսաուի ապստամբ զինյալներին վերացնելու գաղտնի համաձայնության իրականացումը կանխելու համար»:

Սակայն դիվանագետները համարում են, որ ապստամբների գլխավոր թիրախը նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տարած Կարլոս Գոմեսն է, ով, ըստ ամենայնի, կդառնա երկրի հաջորդ նախագահը և հաղթի նաև ապրիլի 29-ին նշանակված ընտրություններում:

Տեղի դիվանագետներից մեկը պարբերականին ասել է, որ զինվորականները հակակրանքով են վերաբերվում Գոմեսին, ուստի առևանգել են նրան՝ գալիք ընտրություններում նրա հաղթանակը խոչնդոտելու նպատակով:

Հիշեցնենք,որ երկրի զինվորականները պետական հեղաշրջում են իրականացրել ի նշան բողոքի կառավարության կողմից ընդունված ռազմական բարեփոխմանը, որի արդյունքում զինվորականների քանակը պետք է կրճատվի։

Tert.am

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply