Գյումրիի քաղաքապետի փեսայի սպանության մեջ կասկածվողը դեռ մեղքը չի ընդունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2012 14:29

Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով ձերբակալված երիտասարդը ոստիկանության Անի տարածաշրջանի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանն է:  Սպանությունը քաղաքական դրդապատճառներ չունի, այլ նախնական վարկածով խանդի հողի վրա կատարված սպանություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը:

«Մենք այստեղ քաղաքականություն բացարձակապես չենք տեսնում: Դեռ նախնական վարկածով դա է, ինչ վերը նշեցի: Այսինքն` խանդի հողի վրա տեղի ունեցած  սպանություն»:

Հարցին, թե ինչու է այս դեպքում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղի ունեցածին քաղաքական ենթատեքստ տալիս, ոստիկանապետը արձագանքել է. «Ես ինչպե՞ս  կարող եմ Վարդան Ղուկասյանի տեղը խոսել: Ըստ իս՝ դա ոչ քաղաքական  սպանություն է»: Իսկ հացին, թե Հարություն Սարգսյանը մեղքը ընդունե՞լ է արդեն, թե՞ ոչ, Բաբակեխյանն արձագանքեց. «Դեռ ոչ,  աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Կարեն Բաբակեխյանը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, այս պահին ավելին ասել չի կարողացել:

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր դստեր նշանածի սպանության գործը կապում է քաղաքականության հետ՝ միաժամանակ հերքելով, որ դա կատարվել է խանդի հողի վրա։ «Խանդի խնդիր չկա, դա սուտ է, որովհետեւ խանդի խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ իրար ճանաչում են կամ գոնե մի անգամ բարեւ են տվել։ Ի՞նչ խանդ, խանդը սարքովի է։ Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են»,- ասել էր նա՝ նշելով, որ պատճառը քաղաքական է, որ իրենց առաջիկա ընտրապայքարից հանեն։

Հիշեցնենք նաեւ, որ  ապրիլի 12-ին, Գյումրիում սպանվել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերը՝  27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չէր վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան և սպանված Կարեն Եսայանին՝ մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply