Արմեն Աշոտյանը ԵՊՀ-ում “PR” դաս է վարել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 14, 2012 14:11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը,  Երևանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ՝ վարելով Հանրային կառավարում բաժնի “PR”  դասը:

Նախարարը դասախոսությունն սկսել է քվեարկությամբ՝ ովքեր են կողմ բուհական համակարգի ներկա բարեփոխումներին: Կողմ ձայները  մի քանիսով ավելի են եղել “դեմ”-ից, սակայն ավելի շատ են եղել չկողմնորոշվածները: “Կրթական “PR”-ի խնդիրն է ապացուցել, հիմնավորել, համոզիչ բացատրել, որ բուհական համակարգի բարեփոխումները Հայաստանում ընթանում են ճիշտ ճանապարհով, որպեսզի այս լսարանում չկողմնորոշված ուսանողների մոտ ձևավորվի այդ տեսակետը”,-  նշել է ԿԳ նախարարը:

Դասախոսության ընթացքում Արմեն Աշտյանը ներկայացրել է  կրթական բարեփոխումները, ընդունված նոր ուսանողակենտրոն կարգերը, Եվրոպական կրթական տարածքում հայկական կրթական համակարգի ներգրավման միտումները, այս ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նախատեսվող անելիքները: ” Ես համոզված եմ, որ մեր կրթական համակարգը ճիշտ ճանապարհով է առաջ  գնում, այլ հարց է, որ այդ քայլերի տեմպերը բավականաչափ արագ չեն”,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Կարևորելով  կրթություն-տնտեսություն կապը՝ ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ բուհական համակարգի համար իրական պահանջարկը պետք է ձևավորի տնտեսությունը: “Ցավոք, Հայաստանի տնտեսությունում դեռ չի ձևավորվել գիտելիքով զինված որակյալ մասնագետների իրական և հստակ պահանջարկ. առաջին հերթին պետք է ձևավորվի տնտեսականը,  ինչն էլ ուղղակիորեն կազդի կրթության որակի վրա: Բայց մյուս կողմից հետզհետե շատանում է այն երիտասարդների թիվը, ովքեր կարողանում են գիտելիքով և մասնագիտական բարձր որակներով հաջողության ճանապարհ հարթել իրենց համար”,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են բուհական համակարգի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացին, 12 -ամյա կրթական համակարգի ներդրմանը, Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի և ԿԳ նախարարության հանրային մեծ հնչեղություն ստացած հարաբերություններին և այլ խնդիրների:

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply