Ռուսաստանցի փորձագետ. ԵՄ արևելյան գործընկերության ծրագիրն իրեն չի արդարացնում

Օրվա լուր | | October 9, 2009 18:14

Նախկին ԽՍՀՄ երկրների և Արևմուտքի  երկկողմ համագործակցությանը  Ռուսաստանը խանդոտ է նայում` դա  ընկալելով որպես  ներխուժում՝ իր տնտեսական գոտի. նման կարծիք այսօր հայտնեց «Ռուսաստանը համընդհանուր և տարածաշրջանային համատեքստում» հետազոտական ծրագրի տնօրեն Արկադի Մոշեսը «Կովկասի» ինստիտուտում տեղի ունեցած «Ռուսաստան-ԵՄ-ԽՍՀՄ եռանկյունին և արևելյան համագործակցության ծրագիրը» թեմայով քննարկման ժամանակ:

Մոշեսն ասում է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում ուժեղանում է տարածքների հատվածականացման գործընթացը: Ռուսաստանի ազդեցությունից ազատվելը և հեռանալը, սակայն, ըստ Մոշեսի, չի նշանակում մոտեցում Եվրոպային:

ԵՄ-ի և Ռուսաստանի` ստեղծված իրավիճակի վերահսկման մեխանիզմները, Մոշեսի կարծիքով, սահմանափակ են: Այս պայմաններում, երբ Ռուսաստանը և ԵՄ-ն չունեն ազդեցության բավարար մեխանիզմներ, ի հայտ է գալիս արևելյան գործընկերության ծրագիրը:

Մոշեսի խոսքով` Ռուսաստանը դեմ է այս ծրագրին, քանի որ հարաբերությունների այս ֆորմատում նա ընդգրկված չէ: «Բանակցություններին ի վերջո խոսելու են Ռուսաստանի մասին, սակայն առանց նրա ներկայության: Դա բարկացնում է Ռուսաստանին»,- ասում է Մոշեսը:

ԵՄ-ն, ըստ Մոշեսի, ձգտում է, որ իր հարևանները լինեն կենսունակ երկրներ: ԵՄ-ն հասկացել է, որ առկա սոցիալական խնդիրները լուծելու ուղին այդ երկրները եվրոստանդարտներին մոտեցնելն է, ուստի բարեփոխումներ է առաջարկում իրականացնել երկրներին, որոնց հետ համագործակցում է:

Մինչդեռ Ռուսաստանի խնդիրը նախկին ԽՍՀՄ տարածքում լիդերությունը պահպանելն է: Մոշեսն ասում է, որ դա չի նշանակում տվյալ տարածքում կենսունակ երկրների գոյություն. «Թույլ երկրների անունից հանդես գալն ավելի հեշտ է»:

Ազդեցության գոտու պայքարի համար, ըստ Մոշեսի, կոնֆլիկտներ կարող են առաջանալ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: «ԵՄ-ն պատրաստ չէ այդ կոնֆլիկտին և ամեն կերպ փորձում է խուսափել դրանից: Ռուսաստանը ևս միանշանակ պատրաստ չէ կոնֆլիկտներին ԵՄ-ի հետ»,- ասում է Մոշեսը` հավելելով, որ միշտ չէ, որ հնարավոր է խուսափել կոնֆլիկտներից: Նա որպես օրինակ նշում է անցած ձմռանը տեղի ունեցած ռուս-ուկրաինական ճգնաժամը, ինչի արդյունքում տուժեցին եվրոպական 11 երկրներ` զրկվելով գազի մատակարարումից: «Հիմա Եվրոպան լրջորեն մտածում է էներգակիրների փոխադրման ուղիների դիվերսիֆիկացման մասին»,-ասում է Մոշեսը:

Նրա կարծիքով` ԵՄ-ի արևելյան գործընկերության ծրագիրն իրեն չի արդարացնում, քանի որ բոլորի համար նույն պայմաններն է առաջարկում, «Չինական սպորտային վերնաշապիկների կարգախոսը, թե մի չափսը բոլորին համապատասխանում է, այս պարագայում չի գործում»,-ասում է նա:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply