Կոմերցիոն էրոտիզմն ու ոչ կոմերցիոն արվեստը

ԷՍՍԵ | | June 26, 2009 11:43

«Ո.իդ մի թուշը ցույց չտաս մարդուդ»` տատից աղջիկ թոռներին փոխանցվող հին հայկական իմաստնությունը, իհարկե, չես գտնի ո՛չ բանահյուսական ժողովածուներում, ո՛չ էլ հայեցի դաստիարակության ու ավանդույթներին հավատարիմ մնալու քարոզներում: Ճիշտ է, այս առածն առիթ չի տալիս հրճվելու, որ աշխարհում առաջինը հայերն են քրիստոնեություն ընդունել, բայց ապացուցում է, որ էրոտիզմի գաղտնիքներին հին հայերն էլ էին տիրապետում: Իսկ էրոտիզմը ոչ միայն տատական կենսափորձի կարևոր գիտելիքներից է, այլև` արվեստի, գիտության ու զանգվածային մշակույթի ոլորտներում արտացոլվող էական երևույթ:
Մերիլին Մոնրոն մի ֆիլմում հայտնի տեսարան ունի լյուկի վրա կանգնած, երբ ներքևից փչող հոսանքը վեր է թռցնում նրա փեշերը, մի պահ երևում են նրա ազդրերն ու տրուսիկը, բայց նա ձեռքերով արագ սանձում է չարաճճի քամուն ու փեշերը: Նրա այդ ժեստը` «անմեղ» ռեակցիան, էրոտիկ մեծ լարում է հաղորդում տեսարանին, մարմնի բացված, գրգռիչ մասերն արագ փակվում են` արգելքի, անթույլատրելիի գայթակղությամբ համակելով դիտողին:
Պոստմոդեռնիստական մշակույթում, ուր բնորոշ է անցած ոճերի յուրացման պրակտիկան, Մերիլին Մոնրոյին «մեջբերում» են տարբեր շիկահերներ, բայց լավագույնս` իհարկե Մադոննան: Շիկահերների բանակում փայլում է նաեւ Քայլի Մինոուգը` ավստրալացի երգչուհին, որի TOP-արշավը դեռ շարունակվում է նույն հայտնի ժեստով` աջ բարձր հոնքով տեսախցիկը խոյահարելով:
Քայլի Մինոուգը մի տեսահոլովակ ունի, ուր հայտնվում է` ճերմակ շորի գլխանոցը գլխին քաշած: Գլուխը ծածկված է, սակայն շորը մի քանի «գրգռաճեղքեր» ունի` վզից մինչև պորտ ու սրունքներից մինչև կոնքեր: Տեսահոլովակի ողջ ընթացքում նա ակտիվ պարում է, և այդ ճեղքերից մերթընդմերթ կայծկլտում են կրծքերի ու ազդրերի տարբեր գրգռիչ հատվածներ: Շորը փափուկ մետաքս է ու անընդհատ այս ու այն կողմ է սահում վրայից, էս ա` մի ծիծիկը դուրս կթռչի, էս ա` տուտուզիկի մի թուշը կբացվի, էս ա… Ողջ երգի ընթացքում շունչդ պահած սպասում ես, որ էս ա… Բայց այդ պլստան մի թիքա շորը չի ենթարկվում ֆիզիկայի օրենքներին: Տեսահոլովակի ազդեցության հաշվարկը հենց էդ շունչը պահելու վրա է արված, որ մինչև երգի վերջին նոտայի ու շորի վերջին թրթիռը մեծ լարման մեջ է պահում ու… ծովից ծարավ ետ բերում: Հետո մի տեղ կարդացի, որ երկրի ձգողականությանը չենթարկվող այդ հրաշք շորը պարզապես մի երկու կարևոր տեղում սոսնձված է եղել երգչուհու մարմնին: Եվ այդ սոսինձը, ըստ էության, Մերիլին Մոնրոյի ժեստի էֆեկտն է ապահովում:
Էրոտիկ նման լարումն առաջանում է` մի կողմից գայթակղիչ ակնարկի ու մերկության հպանցիկության ճշգրիտ չափի հաշվարկի վրա, մյուս կողմից` այսպես ասած, անմեղության սիմուլյացիայի:
Հայտնի սեքս-բոմբերից բացի` էրոտիզմի արշավը մեր առօրյայի մեջ հիմնականում կատարվում է անանուն ու անձայն մոդելների միջոցով, ինչը տեսաբանները բնութագրում են իբրև «սուբյեկտի մահը» պոստմոդեռնիստական սպառողական հասարակության մեջ: Ամենուրեք` փողոցների վահանակներից, հեռուստաէկրանից, գովազդներից ու գլամուրային ամսագրերից մեզ ընդառաջ են ելնում մութի ու ստվերի խորքից, վարագույրի, քող ու շղարշների կամ դռան հետևից դուրս լողացող ազդրեր ու կրծքեր, որոնց ամենակարևոր մասերն, այնուամենայնիվ, մնում են թաքնված:
Էրոտիզմի «հայկական» շուկայական դեմքը հայտնվում է մերթ պաթետիկ` արքայի հետ ժամադրության սահող գեղեցկուհու ա-լյա «Ժադող» քայլքով կամ Արմինկայի տեսահոլովակում նույնպիսի քայլքով փայլփլուն դռների ու միջանցքների լաբիրինթոսից ելնող ճակատագրական կնոջ տեսքով, մերթ իրոնիկ` Հովոյի կրքոտ հևոցներով ու տնքոցներով, երբ նա դռան ետեւում… պարզվում է, ընդամենն ինչ-որ հանքային ջուր է խմում-գովազդում (այստեղ էրոտիկ «գաղտնիքը» կրկնակի է, ջուր խմելն ինքնին «վարագույր» է, որի ետևում, այնուամենայնիվ, թաքնված է կիսամերկ գեղեցկուհին):
Էրոտիզմի այս դեմքը, որ կերտվում է գլամուրային ստանդարտներով, չնայած երբեմն-երբեմն հնչող` «հայ աղջիկներին բա կարելի՞ ա» տիպի դժգոհություններին, մեր հասարակությունը լավ էլ մարսում է` ընդունելով շուկայի տրամաբանությունը:
Բայց օրական տոննաներով նման էրոտիզմ կլլողները հանկարծ սարսափում ու բարոյական խուճապի են մատնվում, երբ, օրինակ, ժամանակակից հայ գրականության մեջ հանդիպում են «բաց» տեսարանների կամ լեզվի: Այստեղ այդ մարդիկ նմանվում են «Մերկ եւ զվարճալի» հեռուստահաղորդաշարի «զոհերին», որոնց խաղի մեջ քաշելով (էս ցեպը քաշի, էս դուռը բացի, էս փուչիկը բռնի և այլն)` հանկարծ երեսներին են շպրտում չափից դուրս ծիծիկներ ու տուտուզներ: Ժամանակակից «բաց» գրականության մասին արձագանքները նման են այդ հաղորդաշարի պատահական անցորդների ռեակցիային, որ շատ նորմալ են ընդունում կանխատեսելի վայրում ողջ մարմնով հաճախորդ հրապուրող կիսամերկ գեղեցկուհիներին, բայց երբ նրանք հանկարծակի են «մերկացվում» փուչիկի պայթելուց կամ դռան շխկոցից, ահաբեկված փախչում են:
Անհեթեթն այն է, որ մեր հասարակությունն ու մտավորականները, ըստ էության, գրողից ու արվեստագետից պահանջում են ենթարկվել այդ նորմավորված, «չափը» պահպանող շուկայական էրոտիզմի կանոններին ու իրենց ստեղծագործությունները ձևել նման «խոդի» ապրանքների նմուշով: Ասում են` մենք չենք ասում, որ դա չի կարելի արվեստում, բայց պիտի ճիշտ չափը պահել, պիտի տեղին լինի, պիտի արվեստով լինի… Ու արվեստ ասելով` հասկանում են դիզայնի էսթետիկա, մշակութային վերարտադրության ինչ-որ կոմերցիոն հմտություն, որի «տեղին» ու «արվեստով» լինելու ապացույցն այն է, որ բոլորը տեսնելուց անմիջապես ճանաչում են, քանի որ դրա նմանն արդեն տեսել են ու յուրացրել: Ինչպես գլամուրային աշխարհում, նրանք արվեստում էլ ուզում են տեսնել «գեղեցիկ», լավ մշակված գույներ ու գծեր, ռետուշած պզուկներ ու խալեր, ֆոտոշոփով պլպլացրած մակերեսներ ու լեզվի տեսչության ցուցումներին հավատարիմ թորած լեզու: Փաստորեն, արվեստից պահանջում են լինել գլամուրային, կանխատեսելի, արվեստից պահանջում են անմեղության սիմուլյացիա: Բայց արվեստը հասարակության աղջիկ թոռը չի, որ նրա խորհուրդներով` ո.ի մի թուշը ցույց տա մարդուն, մանավանդ որ 21-րդ դարում ոչ զագսով, ոչ էլ եկեղեցով չի ուզում պսակվել սպառողի հետ:

Դիտվել է 5034 անգամ:
Print Friendly

Leave a Reply