«Երկիր». ՕԵԿ-ի անսանձ կնոջ սանձահարումը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 11:48
ՕԵԿ կանանց ապրիլի 4-ի համաժողովում Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել էր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի ելույթի այն հատվածը, որում ՕԵԿ անփոխարինելի նախագահ Արթուր Բաղդասարյանի գովքն անելիս երանության մեջ ընկած տիկինը անգամ խառնում է իրենց առաջնորդի սեռը:
Բնականաբար, հոլովակը տարածվեց համացանցում, եւ տիկին Բիշարյանը, փոխանակ հայտարարելու, որ հաջորդ ելույթներում ավելի ժուժկալ կլինի իրենց ղեկավարի մասին խոսելիս, սկսեց միայն իրեն հատուկ բառապաշարն օգտագործել մեր հասցեին:
Թերթը գրում է. «Առաջին անգամ Հ. Բիշարյանը զրպարտանքներին տուրք տվեց ապրիլի 7-ին, բայց, քանի որ Կանանց տոնն էր, ներողամտորեն ժպտացինք: Երկրորդ անգամ տիկին Բիշարյանն իր «ազգակործան» բառապաշարից օգտվեց արդեն երեկ. «Լկտիություն, չարակամություն, ստորաքարշ մոտեցում է, երբ կոնտեքստից պատվերով կտրում են մի նախադասություն եւ ներկայացնում հանրությանը…», եւ այլ ցնդաբանություններ` հավելած ստին, թե` նման բան չի ասել: Ցավոք, կանանց միամսյակը վերջացել է…
Ստիպված ենք փաստել, որ պատգամավորության թեկնածուն ստում է, իսկ ժողովրդի քվեն ակնկալող պատգամավորը, եթե այս շրջանում է ելույթը կառուցում հիստերիայի ու ստի վրա, մեր զավակների ապագան նրան վստահելը պարզապես անհեռատեսություն կլինի:
«Ի դեմս Արթուր Բաղդասարյանի` «Օրինաց երկիր» կուսակցությունում կանայք շատ են, որովհետեւ գնահատում են իրենց կուսակցության ղեկավարին»: Այժմ կխնդրենք տիկին Բիշարյանին ասել, թե ի՞նչ կոնտեքստում ասենք այս խոսքերը, որ «կինը» դառնա «քաջազուն ասպետ»: Խնդրեմ, նախադասությունը բերեք «կոնտեքստի մեջ» եւ ասեք, թե` ի դեմս Ձեզ կամ Արթուր Բաղդասարյանի, է՞լ ինչերն են շատ ՕԵԿ-ում:
Հասկանում ենք, որ քաղաքական գործիչը ոգեւորության ամենաթունդ պահին կարող է ասել խոսքեր, որոնց համար հետագայում կամաչի: Բայց պետք է դրանում մեղադրել միայն իրեն, ոչ թե հետագայում կրկնելուց խուսափելու համար սխալը մեծահոգաբար մատնանշող լրատվամիջոցին: Բացի այդ` 170 հազար անդամ ունեցող կուսակցությունը պետք է իր խոշորագույն միջոցառումների ժամանակ գոնե մեկ տեսախցիկ ունենա, որպեսզի հետո կարողանա համոզել, թե ինքը բոլորովին այլ բան է նկատի ունեցել, քանզի մեր տեսախցիկները «կոնտեքստից դուրս» են ցույց տալիս: Այս անգամ եւս կարող էինք ներողամտորեն մոտենալ տիկնոջ պահվածքին, չպատասխանել նրա որեւէ հայտարարությանը, ինչը կանենք հաջորդիվ, սակայն կոչ ենք անում ձեռնպահ մնալ` նրա բառերով` ստորաքարշ պահվածքից եւ առաջին ելույթի սխալները չկրկնել մյուս դեպքերում»:
Թերթը Բիշարյանին վստահեցնում է, որ «Երկիր»-ը չի փակվի, քանի դեռ հեղինեբիշարյանական ոսկեղենիկ մտքերը քաղաքական դաշտը ողողում են մշտապես:
Այնուհետև մեկ անգամ ապացուցելու համար, որ տիկին Բիշարյանը ստում է, թերթն առաջարկում է դիտել տեսանյութը:






Facebook
Tweet This
Email This Post
