Սամվել Բաբայանը կոչ է անում ժողովրդին միանալ ՀՅԴ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 9, 2009 16:21

Սամվել ԲաբայանԼՂ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն այսօր  ասուլիսում ասաց, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրության վավերացման դեպքում անգամ հարց է ծագում՝ կկարողանան արդյոք այն իրագործել, իսկ «նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ բանակցում է հանուն բանակցությունների»:

«Երկրագնդի վրա ոչ մի ժողովուրդ չկա, որ հող նվիրի այլ պետության ու դրանով հարստանա,- ասաց նա,-Սփյուռքի հետ հանդիպումից հետո նախագահը պիտի լուրջ որոշում կայացնի, հակառակ դեպքում ազգի ներսում ու դրսում պառակտում կառաջանա, որին կհետևի նույնիսկ նախագահի հրաժարականը»:

Բաբայանի կարծիքով` ստորագրել արձանագրություն, որի մեջ կա «տարածք ճանաչելու» մասին կետ, նշանակում է դե ֆակտո կամ դե յուրե ճանաչել Թուրքիայի տարածքը և հրաժարվել մեր պատմական հայկական հողերից: Իսկ Կովկասի բանալին` հայ-թուրքական սահմանի բացումը, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեջ է:

«Ստորագրելուց հետո Թուրքիան ստիպելու է Հայաստանին փոխզիջումների գնալ Ղարաբաղյան հարցում,- ասաց նա,- Եթե Արձանագրության մեջ  Ղարաբաղին վերաբերող ենթատեքստից զատ հայկական կողմը կարողանա Թուրքիայի հետ սահմանը բացել, ապա ես միայն կողջունեմ այդ փաստը, բայց ցավոք, դա այդպես չի լինի»:

Բաբայանի կարծիքով՝ «ԼՂ-ը պետք է պահել առանց որևէ տարածքային փոխզիջման, և լինի նախագահ Սերժ Սարգսյանը, թե մեկ ուրիշը, առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, չի կարող տարածք տալ Ադրբեջանին: Իսկ եթե տրվի, ապա ես զենքը ձեռքիս  կկռվեմ թե թուրքի, թե ադրբեջանցու դեմ»:

Բաբայանը դեմ է Դաշնակցության առաջարկին՝ ԱԳ նախարար Նալբանդյանի հրաժարականը պահանջելուն, քանի որ վերջինս անում է այն, ինչ իրեն թելադրում են:

Նախկին պաշտպանության նախարարի խոսքով, սակայն, Դաշնակցությունն ուրիշ ելք չունի, քան այսկերպ պայքարելը, ու ժողովուրդը պարտավոր է աջակցել նրան` անկախ քաղաքական նախասիրությունից:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply