Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2012 20:21

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աշխատանքային շրջայցը մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում սկսել է բակային տարածքներից: Քաղաքապետարանի ծրագրերով Արաբկիրի բակային տարածքներում նույնպես բարեկարգման ծավալուն աշխատանքներ են ընթանում. ասֆալտբետոնյա ծածկի վերականգնում, կանաչ գոտիների թարմացում և նորերի ստեղծում, զրուցարանների ու նստարանների, ինչպես նաև երեխաների համար խաղային ատրակցիոնների տեղադրում:

Բնակիչներն այստեղ էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին և սեփական նախաձեռնությամբ ազատել են բակերում իրենց կողմից ինքնակամ զբաղեցրած տարածքները: Դրանց տեղերում շուտով կձևավորվեն հանգստի ընդհանուր, հարմարավետ գոտիներ, ինչի համար բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին և վստահեցրել են, որ խնամքով կվերաբերեն իրենց բակերին:

Իսկ Գրիբոյեդովի 11ա, Կոմիտասի 7/1,2,3 և Ավետիսյան 67 հասցեներում վարչական շրջանի պատասխանատուները Տարոն Մարգարյանին ներկայացրել են ոռոգման համակարգերի վերականգնման և արդիականացման աշխատանքների ընթացքը: Կանաչ գոտիներն այստեղ կոռոգվեն անձրևացման և կաթիլային եղանակներով, որոնք, գյուղատնտեսների վկայությամբ, ժամանակակից ամենաարդյունավետ մեթոդներն են: Ոռոգման համակարգերի առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն զգալիորեն ընդլայնել առկա կանաչ տարածքները, այլև ստեղծել նորերը` զուգահեռաբար կանաչապատելով ու ծաղկապատելով նաև բակային տարածքները:

Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կանաչապատման և ծառատունկի աշխատանքները պետք է լինեն համակարգված և իրականացվեն բացառապես ոռոգելի տարածքներում:

Քաղաքապետին զեկուցվել է, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի նորոգման աշխատանքներ են ընթանում:

Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս կարևորել է բնակիչների հետ անմիջական շփումը. <<Բնակիչների հետ շփումը պետք է լինի ամենօրյա: Անհրաժեշտ է ուշադիր և հետևողական լինել բարձրացված յուրաքանչյուր հարցի նկատմամբ և հնարավորին արագ լուծումներ տալ դրանց>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply