Նախկին ԱԳ նախարարը կհրապարակի 92 թվի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման պայմանագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 9, 2009 15:47

Վահան ՓափազյանՀՀ ԱԳ նախկին նախարար (1993- 1996 թթ.) Վահան Փափազյանն այսօր ասուլիսում ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունները նախկին իշխանությունների «եփած ճաշն» են:

Փափազյանը տեղեկացրեց, որ դեռևս 1992թ. պատրաստվել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման պայմանագիր, որը կհրապարակվի մոտ օրերս: Փափազյանի խոսքով՝ այդ  պայմանագիրը չի ներառում որևէ վտանգավոր կետ Հայաստանի համար, ինչպիսին ներկայիս նախաստորագրված արձանագրություններն են:

Փափազյանն ընդունելի չի համարում Արձանագրություններում պատմական հանձնաժողովի ստեղծման մասին կետը. «Եթե չլիներ այդ մի կետը,  կարելի էր ընդունելի համարել Արձանագրությունների ստորագրումը»:  Նրա խոսքով` Թուրքիան շատ լուրջ է վերաբերում պատմական հանձնաժողովի ստեղծմանը, և պետական մակարդակով արդեն ֆինանսավորում է հատկացվել դրա գործունեության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության վերաբերյալ Փափազյանն ասաց, որ Սփյուռքը ցույց տվեց, որ մեռած չէ. «Ճիշտ են այն մարդիկ, որ ասում են` եթե ասելու բան ուներ նախագահը, պետք է գնար մինչ նախաստորագրելը: Հիմա իմաստ չուներ նրա գնալը: Այլապես ստացվում է՝ գնաց ասելու` ժողովուրդ, ասեք ձեր կարծիքը մի հարցի շուրջ, որն արդեն ես հաստատել եմ»:

Փափազյանի կարծիքով` օր օրի հասարակության գիտակցությունն Արձանագրությունների վերաբերյալ դառնում է ավելի չհանդուրժող ու սուր: «Շատ շատերն էլ դեռ չեն ուզում գիտակցել, թե ինչ է պատահել»,-ասաց նախկին նախարարը:

«Երբ վերջնականապես ստորագրվեն Աձանագրությունները, դժգոհությունն ավելի է աճելու, սրվելու»,-ասաց Փափազյանը՝ ավելացնելով, որ ՀՅԴ դիրքորոշումն էլ պարզապես «դեմքը փրկելու միջոց է»:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply