Ծրագիր՝ միտված դպրոցների էլեկտրոնային կառավարման արդյունավետության բարձրացմանը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2012 17:58

“Կրթության որակ և համապատասխանություն” վարկային երկրորդ ծրագրի շրջանակում այսօր “Յունիքոմփ” ընկերությունում ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվել են համակարգչային սարքավորումներ` վարչակառավարչական գործառույթների համակարգչայնացման նպատակով: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը հանրակրթական հաստատություններում, նշել է, որ վերոնշյալ ծրագրով հանրապետության 1360 դպրոցի կտրամադրվեն 1410 համակարգչային սարքավորումներ` համակարգիչ, բազմագործառութային տպիչ և հոսանքի անխափան սնուցման սարք: “Այսօր համակարգիչը ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է, և տեղեկատվական տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառումը հանրակրթության որակի բարձրացման կարևորագույն գործիքներից մեկն է: Եթե երեք տարի առաջ համակարգիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/38 էր, ապա այսօր այդ ցուցանիշը մոտ է եվրոպական միջինացված ցուցանիշին, այն է` 1/22: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն այսօր պատուհան է նաև դեպի տեղեկատվական հսկայական աշխարհ և նոր մեդիա հնարավորություններ: Բացի այդ, վերջին տարիներին ստեղծվել է նաև հայալեզու կրթական բովանդակություն` տասնյակ էլեկտրոնային դասագրքեր, հայալեզու էլեկտրոնային շտեմարան Սփյուռքի կրթօջախների համար, առցանց վերապատրաստման դասընթացներ` գրադարանավարների համար, դպրոցական կառավարման էլեկտրոնային համակարգ և այլն: Նշված գործընթացը վերաբերում է նաև մասնագիտական կրթության ոլորտին, մասնավորապես, կրթության հասանելիության և մատչելիության համատեքստում մարզային բուհերում դիստանցիոն կրթության հնարավորությունների ընդլայնմանը”,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ վերջերս Հայաստանի պետական ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղում բացվել է երկու վիրտուալ լսարան, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն դասախոսություններ լսել Երևանի բուհերի լավագույն դասախոսների մատուցմամբ: “Սակայն դպրոցում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լիարժեք ներդրումը ենթադրում է, որ այդ տեխնոլոգիաները կիրառվում են ոչ միայն դասավանդման և ուսումնառության, այլև դպրոցի վարչակառավարչական գործառույթների համակարգչայնացման գործընթացում: Ծրագրի իրագործումը թույլ կտա բարձրացնել դպրոցների էլեկտրոնային կառավարման արդյունավետությունը, արդիականացնել և հեշտացնել վարչարարությունը, կրթական գործընթացն առավել կազմակերպված, միասնական և հաշվետու դարձնել, ինչպես նաև անմիջական տեղեկատվական կապ հաստատել դպրոցների և կրթության և գիտության նախարարության միջև, առավել լիարժեք օգտագործել տեխնոլոգիաների ներուժը դպրոցումր”,- ընդգծել է նախարարը և հավելել, որ դպրոցներին փոխանցվող որակյալ և ժամանակակից համակարգիչներում առաջիկայում կտեղադրվի դպրոցների վարչակառավարչական գործառույթների իրականացման համար մշակված հատուկ ծրագիր: Կկազմակերպվեն նաև վերապատրաստման դասընթացներ, որոնց կմասնակցեն հանրապետության դպրոցների համապատասխան աշխատակիցները: Համակարգիչների առաքման աշխատանքները մեկնարկել են Սյունքիի մարզից, և ըստ ժամանակացույցի դրանք մոտ ապագայում կտրամադրվեն բոլոր հասցեատերերին: Անդրադառնալով դպրոցներում համացանցի օգտագործման խնդիրներին` նախարարը նշել է, որ հանրապետության դպրոցների 98 տոկոսը մինչև տարվա վերջ համակցված կլինի ինտերնետին և կմիանա միասնական դպրոցական ցանցին: Բացի այդ, համացանցը մուտք կգործի այնպիսի համայնքներ, որտեղ այն կլինի հասանելիության բացառիկ կետ, ըստ այդմ` ուսումնական հաստատություններում առկա համացանցը նաև սոցիալական ծառայություն կմատուցի համայնքին:

“Կրթության որակ և համապատասխանություն” վարկային առաջին ծրագրով 2004-2009 թթ. ընթացքում ՀՀ 1153 դպրոց համալրվել Է համակարգչային սարքավորումներով: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում դպրոցներին են տրամադրվել 6041 համակարգիչ, 844 տպիչ, 674 սկաներ, 272 պրոյեկտոր, ինչպես նաև այլ համակարգչային սարքավորումներ: Դպրոցների մեծ մասում անցկացվել են տեղական տարածքային ցանցեր: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով տարբեր աղբյուրներից ստացված սարքավորումները, ՀՀ հանրակրթական դպրոցները հագեցված են շուրջ 16535 համակարգիչներով:

Դիտվել է 1509 անգամ:
Print Friendly

Leave a Reply