«Կան մարդիկ, որ չեն հավատում…».Գալուստ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2012 17:24

ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Անկախ»-ը Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի այն դիտարկումը, թե բացի ՀՅԴ-ից, ոչ մի կուսակցություն կոնկրետ, համակարգված  նախընտրական ծրագիր չի ներկայացնում:

«Ընդհանրապես շատ հետաքրքիր իրավիճակ է այս պահին, որովհետև կանանց միամսյակի հետ խառնվեց նաև ապրիլի 1-ի միամսյակը, որն ավելի առաջնային է դարձել՝ ով ինչ ասես խոսում է, ով ինչից ասես մտածում է, նույնիսկ մարդիկ մոռացել են իրենց դիրքերը` ով է, ինչպիսին է, ինչ փոխհարաբերություններ են եղել, միայն թե կոտրենք, փշրենք, քննադատենք, ասենք, որ մենք այս խեղճ ու կրակ ժողովրդի ծառաներն ենք և մեր անձը` որպես մահապարտներ, զոհել ենք նոր ստեղծված Ավարայրում»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, ծրագիրը միայն դրոշ դարձնելով հնարավոր չէ ժողովրդի ակտիվությունն ապահովել ընտրություններում, իսկ ակտիվ ժողովուրդն է, որ հնարավորություն կտա ավելի լավ ընտրություններ անցկացնել: «Մենք պարզապես ասում ենք այն, ինչ որ երեկ ենք ասել, առաջին օրն էլ ենք ասել, ասում ենք այսօր և վաղն էլ ենք ասելու»,-նշեց նա:

«Անկախ»-ը նաև հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Գալուստ Սահակյանը ՀՀ կառավարության պատվերով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքացիական սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին, ըստ որոնց` հարցվողների գերակշիռ մեծամասնությունը բացարձակապես չի հավատում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

Գալուստ Սահակյանը նախ նորմալ համարեց, որ հասարակության մեջ կարող է լինել նաև չվստահող և չհավատացող հատված, սական հիշեցմանը, որ ըստ հարցման արդյունքների, հասարակության այդ հատվածը մեծամասնությունն է, Սահակյանն արձագանքեց. «Ի՞նչ եք առաջարկում, ընտրություններ չանցկացնե՞նք»:

Նրա կարծիքով, եթե մարդիկ ընտրությունների արդյունքներին չեն հավատում, ապա չպետք է դա այս պահին ասեն: «Քաղաքական թիմեր էլ կան, որ ոչ թե մտածում են` քանի ձայն կհավաքեն, կգան խորհրդարան, թե ոչ, այլ պատարստվում են մայիսի 7-ի միտինգին, որ ասեն` ընտրություններն արդար չեն անցել,-ասաց նա,-իհարկե հասարակության մեջ կան մարդիկ, որ  չեն հավատում կան նաև մարդիկ, որ ընդհանրապես ոչնչի չեն հավատում»:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը կիսակատակ հարցրեց, թե արդյոք հանրապետական կուսակցությունը պատրաստվում է գումար փոխանցել «աղքատ գործարար» Սամվել Ալեքսանյանի հաշվեհամարին` պարզաբանելով, թե գործարարը խնդրել է գումար փոխանցել, քանի որ ինքը գումար չունի, Գալուստ Սահակյանը, իրեն չկորցնելով պատասխանեց. «Մենք էլ չունենք…»:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply