Հասարակության շրջանում նոր թափ կառնի հոգեկան լարվածությունը. Ընտրություններին կմասնակցի բնակչության 70 տոկոսը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | ապրիլի 13, 2012 14:20

Ընտրություններն անցնեն արդար թե անարդար, կարծես վերջին շրջանում սկսել է այդքան էլ չհետաքրքրել ազգաբնակչությանը թե՛ քաղաքական ուժերի նկատմամբ նրանց ունեցած անվստահությունից  և թե՛ օրենքի կամ բարգավաճ երկիր կառուցելու մշտնջենական անուրջներից: Երբ հասարակության որևէ անդամի, հենց սովորական քաղաքացու հնարավորություն է տրվում բացեիբաց իր կարծիքն արտահայտելու գալիք ընտրությունների վերաբերյալ, յուրաքանչյուրը սրտառուչ արտահայտություններով հորդորում է հայ ազգաբնակչությանը գործել սրտի մտոք և տուրք չտալ կողմնակի գաղափարների: Նրանցից յուրաքանչյուրն իր կոչն է ուղղում ցանկացած քաղաքացու` իր լուման ներդնելու արդար ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման գործում: Սակայն, որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի բարդ է դառնում իրարամերժ տեսակետների հորձանուտում հենց այդ նույն քաղաքացիներից անկեղծություն կորզելը:

Անցորդներից շատերի հետ անկեղծանալու փորձ անելը երկկողմանի չստացվեց: Չգիտես ինչու, բնակիչները պատրաստ չեն հայտնելու կարծիքն այն մասին, թե որ քաղաքական ուժին են տալու իրենց նախապատվությունը: Կարծիք հայտնելու առումով առավել զուսպ էր երիտասարդ սերունդը: Հարցվածներից միայն երեքը հայտնեցին, որ հավատում են այս կամ  այն կուսակցության առաջխաղացմանը և վստահում են նրանց իրագործվելիք ծրագրերին: Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի, 21-ամյա Վիկտորյան թերևս հակված է կարծելու, որ ընտրությունների արդար անցկացման հարցում նախ և առաջ վստահություն է պետք: «Եթե ժողովուրդը, հատկապես` ավագ սերունդն անընդհատ ասում է, որ արդար ընտրություններ չկան, և բոլոր քաղաքական ուժերը մեկը մյուսի ընդօրինակումն են, որ նրանց հավատալ պետք չէ, կամա թե ակամա մեր մտածելակերպն էլ է փոխվում: Բայց գնալով այդ անհավատ ու ոչինչ չշահող ճանապարհով` ի՞նչ պիտի շահենք: Չէ՞ որ մեր ապագան հենց այդ պետությունից է կախված»:

Մեկ այլ ուսանող` ապագա լեզվաբան, հավելեց, որ եթե իրենք չապավինեն սպասվելիք  փոփոխություններին և իրենց ձայնը չտան այս կամ այն կուսակցությանը, ապա դա իրենց փոխարեն կանի մեկ ուրիշը:

Բոլորովին հակառակ պատկերն էր տարեցների շրջանում: «Հիմա մեզ մարդահաշիվ չեն անում, ցուցակը դնում են մեր առաջները, բա թե էս պարտիային ձայն կտաս: Իմ նման ծեր թոշակառուն ի՞նչ բարեփոխման սպասի: Սպասենք, թե գալու են ու սարե՞ր շուռ տան: Նման բաների չեմ հավատում: Թող ընտրեն նրանք, ովքեր արդարությանը հավատում են»,- բավական դժկամությամբ մի կերպ խոստովանեց  թոշակառու, նախկին կռունկավար Հովսեփը:

Մի կին թոշակառու էլ հավաստեց, որ մեկ է, նույնիսկ ընտրելու դեպքում էլ իր քվեն կեղծելու են: «Ուզում եմ` մեր երեխաներն էլ, թոռներս էլ մեզ նման ապրեն, մեզ նման երիտասարդություն ունենան, երբ շուրջդ այսքան բան չկար, բայց եղածն էլ բոլորիս մատչելի էր: Նույնիսկ հացի գինն ա թանկանում, չենք զարմանա, եթե մի երկու տարուց դա էլ մեր սեղաններին ճոխ ուտելիք դառնա: Երեխաներս ավելի խելացի են, թող ընտրեն ում հավատում են, ես երևի չեմ մասնակցի»:

Այնուամենայնիվ,  ազգաբնակչության մեծ մասը մասնակցելու է ընտրություններին, մեկը` ստիպողաբար, մեկը` հանուն մերձավորի կամ հարևան, խնամու, իսկ շատ քիչ տոկոսն էլ` գուցե սեփական հավատից ելնելով:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի կատարած հարցումների ամենաթարմ տվյալներով` ընտրություններին իսկապես մասնակցելու է Հայաստանի ազգաբնակչության 70 տոկոսը, ծայրահեղ դեպքում`  60-ը: Ըստ Ահարոն Ադիբեկյանի հաղորդած տվյալների` ընտրողների 2/3-ը հակված է կարծելու, որ անցկացվելու են արդար ընտրություններ կամ աննշան խախտումներով, մյուս 1/3-ը կարծում է, որ կլինեն լուրջ խախտումներ: Ըստ հարցումների` սանդղակում ամենաբարձր տեղում են ՀՀԿ, ԲՀԿ կուսակցությունները, որոնք ձայների  թվով գրեթե նույն հարթության վրա են և միասին կազմում են 75 տոկոսը: Երրորդ տեղում են ՀԱԿ-ը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, իսկ ամենավերջում` «Ժառանգություն» կուսկացությունը: 20 տոկոս է կազմում հասարակության այն շերտը, որն առհասարակ տատանվում է ընտրություններին մասնակցելու հարցում, որոնց 10 տոկոսը ձայնի դիմաց ակնկալում է դրամական աջակցություն, իսկ մյուս մասը դեռ կողմնորոշման փուլում է:

 

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` հասարակության մեջ իսկապես բավական մեծ տոկոս է կազմում այն մարդկանց թիվը, որոնք դեռ հստակ կողմնորոշվածություն չունեն ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցում: Այս շրջանը, երբ մեկնարկել է ընտրարշավի փուլը, տրամադրությունների խմորումների շրջան է: Երբ մարդը սովորաբար կանգնած է որևէ ընտրության առջև և հստակ կողմնորոշված չէ` որ տարբերակն ընտրել, բնականաբար առաջանում են ներքին հակասություններ և հոգեկան լարվածություն: «Այժմ տրամադրությունների խմորումների շրջան է և մեր աչքի առաջ շուտով լարվածությունը նոր թափ կհավաքի և բարձր մակարդակի կհասնի:  Այժմ դեռ նոր-նոր է սկսվում լարվածությունը և ինչ լուծումների կհանգեցնի այդ հոգեվիճակը` շատ հարցերից է կախված»,- պարզաբանեց հոգեբանը:

 

Նրա խոսքերով, եթե նախընտրական ամեն տեսակի տրամադրության խմորումները նախկինում տեղի էին ունենում քաղաքական վերնախավի շրջանակներում, այն մարդկանց շուրջ, որոնք անմիջականորեն ընդգրկված են ընտրվողների ցուցակում, ապա այժմ  ցուցակների վերջնական ներկայացումից հետո տվյալ հոգեվիճակը փոխանցվել է ժողովրդին: Հասարակությունը հոգեբանորեն դեռ նոր է մուտք գործում ընտրական գործընթացի մեջ և տրամադրությունները դեռ լիարժեք ձևավորված չեն: Նա նկատում է, որ լիարժեք ձևավորված տրամադրություններ ունեցող որոշակի շերտ կա, որի կազմում են կուսակցականները: «Իմ դիտարկմամբ` մեր հասարակությունը հիմա բավականաչափ քաղաքականացված է, և մարդկանցից շատերը կուսակցականացված դարձան այս կամ այն պատճառով, բայց այնուամենայնիվ այս պահին չկողմնորոշված մարդիկ շատ ավելի մեծամասնություն են կազմում: Կողմնորոշված են նրանք, ովքեր ունեն այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ  իրենց կայուն համակրանքն ու հակակրանքը և ներգրավված են քաղաքական ակտիվ պրոցեսների մեջ: Իսկ չկողմնորոշված մարդիկ այսօր մեծ զանգված են կազմում»,- հավելեց հոգեբանը:

 

Լ.Ն

 

 

Դիտվել է 1662 անգամ:

Leave a Reply