Հանքի շահագործումը հնարավոր է` հանգեցնի ջրերի աղտոտման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | April 15, 2012 14:14
Ջրաբան-էկոլոգ Քնարիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ Հրազդանի հանքի շահագործման հետևանքով մենք կունենանք ջրային պաշարների զգալի կորուստ. «Ես այնտեղ եղել եմ, իմ աչքով եմ տեսել տարածքը, դա շատ վտանգավոր է: Ես դա ասում եմ՝ որպես ջրի մասնագետ և փորձագետ»:
Ջրաբանը բացատրեց, որ Հրազդանի լեռների վերին հոսանքներում խմելու ջրի ակունքներն են գտնվում, դրանցից հոսում են աղբյուրները, որոնք Երևան քաղաքի խմելու ջրի մոտ 30 տոկոսն են կազմում: Բաց հանքի շահագործման դեպքում հնարավոր չէ խուսափել ջրի թունավորումից. «Ոնց էլ մաքուր շահագործվի հանքը, ձնհալքի և անձրևի ջրերը լվանում են ամբողջ Մենդելեևի աղյուսակի նյութերը: Ստորգետնյա ջրավազանում օրգանական նյութերը մաքրվում են, բայց ծանր մետաղներն ու ռադիոակտիվ նյութերը չեն մաքրվում: Հրազդանը մեզ համար ոչ միայն խմելու ջրի, այլև ոռոգման աղբյուր է»,- նշեց մասնագետը:
Այն վայրում, որտեղ կշահագործվի հանքը, ջրատար խողովակները ավելի բարձր են գտնվում, քան հանքը; Չինական «Fortune Resources» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել հանքը, դեռևս ուսումնասիրում է տարածքը, որպեսզի հանքի շահագործումն առանց ջուրը և շրջակա միջավայրը վնասելու կատարվի: Քնարիկ Հովհաննիսյանն ասաց, որ ինչքան էլ խողովակները խորը տեղադրեն, միևնույն է, ձյան և անձրևի ջրերը թափվում են գետերը: Ջուրը դառնում է վտանգավոր և՛ բուսականության, և՛ մարդու համար. «Եթե ջուրը վտանգավոր է և հնարավոր չէ օգտագործել, նշանակում է, որ կյանքը մահանում է, ավելի լավ է բուսականություն չաճի, քան աճի թունավոր նյութերով ոռոգված ջրի հաշվին»: Նա նաև նշեց, որ կանայք գարնանը սարերից ուտելու կանաչիներ են բերում, որոնք սնվում են անձրևաջրերով. «Ի՞նչ իմանանք՝ ինչով կվարակվեն այդ կանաչիները»,- հավելեց մասնագետը:
Նշենք նաև, որ անտառապատ բարձունքները ջրագոյացման գոտի են: Երբ հատվում են անտառներն ու թփուտները հանքարդյունաբերության և այլ նպատակներով, վերանում է ջրագոյացման գոտին, որի հետևանքով նվազում են ջրի բնական պաշարները. «Մենք, մեզ զրկելով ջրագոյացման գոտուց, փաստորեն ավելի քիչ ջուր կստանանք ստորգետնյա ավազանում: Որևէ քայլ ձեռնարկելուց առաջ հիշենք, որ առանց այդ էլ մեր ջրային պաշարները բավականին քիչ են»,- եզրափակեց մասնագետը:
Անուշ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
