Լեոնարդոն իրեն գիտության և տեխնիկայի մարդ էր համարում և չէր գնահատում իր արվեստը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 17, 2012 11:48

 Երկրորդ հազարամյակի հանճարագույն գործիչը` նկարիչ, քանդակագործ, գրող, մեխանիկ, գյուտարար, մաթեմատիկոս Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչին ծնվել է 1442 թվականի ապրիլի 15-ին Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող Անկավինո փոքրիկ գյուղում, նոտարի ընտանիքում: Նա, որպես այդպիսին, դասական ազգանուն չուներ: Անուն-ազգանունը թարգմանվում է որպես Լեոնարդո` պարոն Պիերոյի որդի:

Շատերը Լեոնարդոյին գիտեն իր գլուխգործոցներով` «Մոնա Լիզա» և «Խորհրդավոր ընթրիքը» նկարներով, որոնք Վերածննդի դարաշրջանի խոշորագույն գործերից են: Բայց նա աչքի է ընկել նաև գյուտարարությամբ: Դեռ XVI դարում Լեոնարդոն նախագծեց ժամանակակից տանկի նախատիպը, թռչող սարքեր, Բոսֆորի նեղուցի վրայի կամուրջը, ջրային կոստյումը:

Նա նաև նվագում էր և Միլանում հաղթել է վին նվագողների մրցույթում, ինչն էլ որոշ ուսումնասիրողների, որոնք Լեոնարդոյի մեջ հայկական արմատներ են որոնել, նրա դա Վինչի ազգանունը կապել են վին նվագարանի հետ. վինչի` վին նվագող: Անձամբ Լեոնարդոն իրեն գիտության և տեխնիկայի մարդ էր համարում և չէր գնահատում իր արվեստը: Դա թերևս հանճարի միակ սխալն էր կյանքում… Հարյուրամյակներ անց 22 հատորով հրատարակվեցին Լեոնարդոյի գյուտերն ու նախագծերը. բայց Լեոնարդո դա Վինչին մարդկության համար մնաց որպես Վերածննդի խորհրդանիշը համարվող նկարիչ, ոչ գյուտարար:

Դա Վինչին ապօրինի ծնունդ է եղել, ծնվել է իր հոր և գեղջկուհի Կատերինայի սիրային կապից: Սակայն հայրն ընդունում է հայրությունը, անգամ հետագայում որդուն վերցնում իր մոտ, չնայած մյուս ամուսնություններից ուներ ևս 10 տղա և 1 աղջիկ:

Դեռ մանկուց Լեոնարդոյի մոտ ի հայտ են եկել արտակարգ ընդունակություններ: Նա ողջ օրը կա՛մ ածուխով նկարում էր պատերին, կա՛մ գիրք էր կարդում, կա՛մ ինչ որ բան սարքում: Հայրը, նկատելով որդու հակումները, նրան ուսման է տալիս Ֆլորենցիայում և Տոսկանայում մեծ հռչակ ունեցող քանդակագործ Անդրեա դե Վեռոկքիոյի մոտ: Լեոնարդոն նրա մոտ քանդակագործություն է ուսանում, սակայն շուտով թողնում է քանդակն ու անցնում նկարչության: Ուսման տարիներին Լեոնարդոն, բավական ակտիվ կյանք վարելով, հասցնում է լավ ուսումնասիրել մարդու մարմինը և կնոջ նրբագեղությունը:

Ուսումնառության ավարտին Լեոնարդոն ճամփորդում է Իտալիայում` լինելով Հռոմում, Վենետիկում, Միլանում: Որոշ ժամանակ հաստատվում է Միլանում` որպես ճարտարագետ  աշխատելով դուքս Լյուդովիկոս Մորոյի մոտ, որտեղ նրա համար զանազան մեքենաներ ու սարքավորումներ էր նախագծում: Որոշ ուսումնասիրողների կարծիքով` Լեոնարդոն Միլանում սերտ հարաբերություններ է ունեցել Լյուդովիկոս Մորոյի սիրեցյալի` Չեչիլի Գալերանիի հետ, որն էլ նրա Միլանում հաստատվելու պատճառը դարձավ:

Բայց Լեոնարդոյին փառք բերեց Ֆլորենցիան: Նա այնտեղ աշխատում էր, նկարում` կատարելով հիմնականում Մեդիչիների տոհմի ահեղ տիրակալների պատվերները:

1503 թվականն ամենաբեղմնավորն էր Լեոնարդոյի համար: Նա այդ տարի ստեղծեց իր գլուխգործոցը` «Ջոկոնդան»: Կտավի վրա Լեոնարդոն բավականին երկար աշխատեց: Որպես բնորդ ընտրեց ֆլորենտացի մի վաճառականի կնոջ` Մոնա Լիզային: Գործը դժվար էր գլուխ գալիս և երկարատև տքնաջան աշխատանքի արդյունք էր: Լեոնարդոն հրաժարվեց «Ջոկոնդան» տալ պատվիրատուին: Ինքն էլ հասկանում էր, թե ինչ է երկնել. անգերազանցելի մի կտավ, որը դեռ հարյուրամյակներ մարդկանց պիտի հիացներ և շատ հարցականներ առաջ բերեր: Այնուհետ «Ջոկոնդան» Լեոնարդոյի անբաժան ուղեկիցն էր: Նա իր հետ կտավն անգամ Ֆրանսիա տարավ, երբ Ֆրանսուա Ա թագավորի հրավերով  բնակության հաստատվեց Փարիզում` այստեղ ապրելով մինչև կյանքի վերջը:  «Ջոկոնդան» նրա ննջարանի պատին էր` միշտ իր աչքի առջև:

Հետագայում Լեոնարդոյի գլուխգործոցը դարձավ Նապոլեոնի սեփականությունը, իսկ այժմ զարդարում է Լուվրի թանգարանը:

Որքան էլ տարօրինակ է, պահպանվել են Լեոնարդո դա Վինչիի բոլոր նախագծերը,  բայց մեզ են հասել նրա ընդամենը 15 գործ:

Չնայած հիվանդությանը (կաթված, որ անզգայնացրել էր Լեոնարդոյի աջ ձեռքն ու դժվարացրել քայլելը)` Լեոնարդոն անխոնջ աշխատում էր: Առհասարակ, նրա կյանքը լի էր տարօրինակություններով: Օրվա ընթացքում քնում էր ընդամենը 90 րոպե` յուրաքանչյուր չորս ժամը մեկ` տասնհինգ րոպե: Գուցե դրա մեջ էր նրա հանճարեղության գաղտնիքը:

Լեոնարդոն նաև առեղծվածային կերպար էր: Առհասարակ, նա իր կյանքի շատ մանրամասներ խնամքով թաքցնում էր, չնայած պահպանվել են յոթ հազար էջից ավելի ծավալով նրա գրառումները: Կան կարծիքներ, որ նա անգամ ինը տարի գաղտնի օրդենի ղեկավար է եղել, ոմանք նրան մասնակից են դարձնում մասոնական օթյակին: Շատերը նրա նկարներում գաղտնի խորհրդանիշներ են որոնում, ոմանք էլ` հայկական տառեր:

Առհասարակ, նա ողջ կյանքում հալածանքների է ենթարկվել և անգամ մեղադրվել չար ուժերի հետ համագործակցելու համար: Դրա համար գուցե և հիմք է ծառայել Լեոնարդոյի ձեռագիրը, ավել ճիշտ` գրելաոճը: Նա գրել է աջից ձախ, շուռտիպ, այնպես որ նրա ձեռագիրը կարդալու համար անհրաժեշտ էր հայելի օգտագործել: Նրան շատերը հերետիկոս էին անվանում, և շարունակ հալածվելով` նա մշտական վտանգի տակ է ապրել: Վերջին ժամանակներս ուսումնասիրողները նրա գործերի և ձեռագրի մեջ անգամ ծածկագիր են որոնում, որում, իբր, թաքնված են բազում գաղտնիքներ: Ոմանք Լեոնարդոյին մեղադրում են աստվածամերժության մեջ: Մասնավորապես, առաջ է քաշվել վարկած, համաձայն որի` Հիսուսը երեխա է ունեցել Մարիամ Մագթաղինացուց: Եվ Լեոնարդոն «Խորհրդավոր ընթրիքը» կտավում  Պետրոսի կողքին Հովհաննես առաքյալի փոխարեն պատկերել է հենց Մարիամին:

Ֆրանսիայում Լեոնարդոն նախագծեց և կառուցեց Տուր-Բլուա-Սաոն ջրանցքն ու գլուխգործոց համարվող Շամբորի դղյակը:

Լեոնարդոն մեծ ավանդ ունի նաև գիտության բնագավառում: Նա է առաջինը բուսաբանությունը դիտարկել որպես առանձին գիտություն և տվել բույսերի արևամետության գաղափարը:

Ուսումնասիրողներից ոմանք Լեոնարդոյին հայկական ծագում են վերագրում: Եվ դա սնափառության հետևանք չէ: Առաջինն այդ մասին ամենևին էլ հայ ուսումնասիրողները չեն գրել: Դեռ տասնամյակ առաջ ռուս լրագրող և ուսումնասիրող Եգոր Օռլովը հանդես եկավ ցնցող հայտարարությամբ, որ Լեոնարդո դա Վինչին գրել է հայերեն, և նրա ծածկագրերի գաղտնիքը մեսրոպյան այբուբենի մեջ է:

Նրա հայկական ծագումը դեռևս շատերի համար վիճելի հարց է, սակայն հայկական հետք նրա ստեղծագործություններում, այնուամենայնիվ, կա: 1481-1482 թթ. նա այցելել է Կիլիկիա և Հայաստան: Պահպանվել է Բագարանի եկեղեցու` նրա ձեռքով արած գծանկարը, նույն հատակագծով նա կառուցեց Միլանի տաճարը: Եվրոպայում կենտրոնագմբեթ եկեղեցիներ սկսեցին կառուցել հենց այդ ժամանակներից: Եվ արժե հավանություն տալ այն վարկածին, որ հենց Լեոնարդոյի շնորհիվ կենտրոնագմբեթ եկեղեցիների հայկական ոճը Հայաստանից թափանցեց Եվրոպա: Նա համոզեց անվանի ճարտարապետ Բրամանտեին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը նախագծել և կառուցել Բագարանի տաճարի մոդելով: Լեոնարդոյի Հայաստան այցելելու մասին ակնարկներ կան նրա նամակներում, պահպանված է անգամ Հայաստանի մի մասի քարտեզը: Իր նամակում Լեոնարդոն նաև պատմում է մանրամասներ ինչ-որ երկրաշարժից և ջրհեղեղից` հավանաբար նկատի ունենալով 1482 թ. Երզնկայի երկրաշարժը:

Նա նաև ճամփորդական նոթեր է գրել Հայաստանում անցկացրած ժամանակահատվածի վերաբերյալ: Այդ փաստաթուղթը պահպանվում է Միլանի «Ամբրոզանյա» գրադարանում և կոչվում է «Հայկական նամակ»: Նրանում տեղեկություններ կան Եփրատ գետի, Տավրոսի լեռնաշղթայի մասին: Նկարագրել է նաև մեկ դիպված` կապված հայության  նկատմամբ օտար նվաճողի բռնարարքների ու կոտորածների հետ: Նա նաև իր կտավներում օգտագործել է Տեռա Արմենիա գույնը` մուգ շագանակագույն, որ պատրաստվում է հայկական հողից: Մինչ այդ Եվրոպայում այդ գույնը ոչ ոք չի օգտագործել: Լեոնարդոյից հետո այդ գույնն օգտագործեց միայն անվանի հայազգի նկարիչ Բոգդան Սալթանովը:

Լեոնարդո դա Վինչին դեռ Ֆլորենցիայում անպայման առնչված կլինի հայերի հետ: Նախ` դեռ ոչ վաղ անցյալում կործանված Կիլիկիայի հայկական թագավորության և իտալական քաղաքների միջև սերտ առևտրային և դիվանագիտական հարաբերություններ են եղել, բացի այդ, միջնադարում հայերը Իտալիայում կառուցել են 34 եկեղեցի և տվել 11 սուրբ: Իր հերթին, հետաքրքիր մեջբերում է արել Արագոնի կարդինալ Անտոնիո դե Բեատիսը, որի հուշերի համաձայն ` Լեոնարդոն ազատ գրում էր ինչ-որ հնագույն, անհասկանալի լեզվով:

Լեոնարդո դա Վինչին մահացավ 1519 թ. մայիսի 2-ին: Նա գիտեր իր մահվան մասին: երկու օր առաջ տուն է հրավիրել քահանային և հաղորդություն ստացել: Հանճարի կտակի համաձայն` Լեոնարդոյի թաղմանը մասնակցեց 60 մուրացկան: Աճյունն ամփոփվեց Ամբուազ ամրոցում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 3801 անգամ:
Print Friendly

Leave a Reply