Խանութներում վաճառվող կիսաֆաբրիկատ սննդամթերքից թունավորվում են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 12, 2009 13:03

Սառը սուրճԱշխարհում տարեկան 1.8 մլն. մարդ մահանում է դիարեային հիվանդություններից, որոնք, որպես կանոն, ախտոտված ջրի և սննդի հետևանք են:

Մասնագետները հորդորում են առաջին հերթին ուշադիր լինել մթերքի ընտրության հարցում` խուսափելով տնային պայմաններում պատրաստված, անհայտ արտադրության, անհայտ ժամկետներով սննդամթերքից:

Երևանի Նորքի 3-րդ զանգվածի բնակչուհի 18-ամյա Հերմինեն պատմում է, որ թունավորվել է կրպականման խանութից գնած «պելմենիից», որի պոլիէթիլենային փաթեթավորման վրա միայն գրված է եղել «Ռուսական պելմենի», առանց արտադրության ժամկետի ու արտադրող ֆիրմայի անվան:

Մասնագիտությամբ բժշկուհի Վանուհի Աթաբեկյանն ասում է, որ խանութներում հատով վաճառվող կիսաֆաբրիկատ սննդամթերքը պատրաստվում է տնային պայմաններում, և դրանց ավելացնվում են հատուկ կոնցենտրատներ, որի շնորհիվ կոտլետը պատրաստման ժամանակ անբնական ուռչում է: «Այս հավելումները կարող են դառնալ աղեստամոքսային հիվանդությունների առաջացման պատճառ»,-ասում է Վանուհին:

Խանութներում վաճառվող «Սառը սուրճը» -ը նույնպես պատրաստվում է տնային պայմաններում: Ավանի Խուդյակով փողոցի բնակիչ Մուշեղն իր սեփական բիզնեսն է սկսել. տնային պայմաններում պատրաստում է սուրճ, փաթեթավորում, սառեցնում և ուղարկում խանութներ: Թե որքանով է համապատասխանում այդ սուրճը սանիտարական նորմերին, անհայտ է:

Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկին կից գտնվող «Բարիք» խանութում, սակայն, ասացին, որ սուրճը շատ լավ էլ վաճառվում է, իսկ արտադրության ժամկետին հաճախորդներից շատ քչերն են ուշադրություն դարձնում:

Ավանի բնակչուհի 63-ամյա Վերգինեն խանութներից վաղուց ոչինչ չի գնում. սնվում է բացառապես բուսական ծագում ունեցող մթերքներով և ամեն ամառ ու աշուն ինքն է գնում, հավաքում պետք եղած դեղաբույսերն ու բուժիչ թուրմեր է պատրաստում: Ասում է` աղեստամոքսային խանգարումների դեպքում լավագույն դարմանը ուրցից պատրաստած եփուկն է:

Ըստ պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցի` ցանկացած մանրէ բարձր ջերմաստիճանում մահանում է, իսկ այն մթերքները (բանջարեղեններ,մրգեր), որոնք օգտագործվում են հում վիճակում, անհրաժեշտ է մանրամասն լվանալ, չի խրախուսվում ցանկացած տեսակի սննդամթերքի երկար պահումը` անգամ սառնարանում:

ՄԱԿ-ը դեռևս 1994 թվականին անդրադառնալով այս խնդրին` անվտանգ սնվելու մասին մշակել է 5 կանոն` պահպանել մաքրություն, առանձնացնել եփած մթերքը հումից, անցկացնել մանրակրկիտ ջերմային մշակում, պահել սնունդը անվտանգ ջերմաստիճանում, օգտագործել անվտանգ ջուր և անվտանգ սնունդ:

Դիտվել է 3004 անգամ:
Print Friendly

Leave a Reply