Կիրո Մանոյան.«Նախագահը մի գիշերվա մեջ չէր արթնանալու և հայտարարեր, որ չի ստորագրելու»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 9, 2009 15:09

kiro-manoyan«Եթե վաղը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը ներկա լինեն միայն Մինսկի խմբի անդամ պետությունները, և Եվրամիության ներկայացուցիչը չմասնակցի,  կփաստվի, որ  այս  Արձանագրությունները կապ ունեն ԼՂ հարցի կարգավորման հետ»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` հիշեցնելով, որ, ըստ տեղեկությունների, վաղը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմանը ներկա կլինեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ  և Ֆրանսիայի արտգործնախարարներն ու Եվրամիության արտաքին հարցերով պատասխանատուն:

Մանոյանը կարծում է, որ ստորագրումով գործընթացը չի ավարտվում, և ՀՅԴ-ն շարունակելու է ամեն ինչ անել՝ հնարավոր վնասները նվազագույնին հասցնելու համար: Ըստ Մանոյանի` Արմեն Ռուստամյանի գլխավորած ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, և հանձնաժողովում քննարկվում են խորհրդարանական լսումների ընթացքում հնչած կարծիքները:

Միաժամանակ Մանոյանը չբացառեց, որ Դաշնակցությունը կպահանջի նախագահի հրաժարականը, բայց մեջբերեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերը, ըստ որի՝ իրենք պատրաստակամ են նույնիսկ իշխանությունների հետ ելք գտնել։ «Սակայն եթե համապատասխան վերաբերմունքի չհանդիպենք, չենք վարանելու մինչեւ վերջ առաջ գնալ` գնալ իշխանափոխության»,- ասաց Մանոյանը՝ ավելացնելով, որ իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, եւ չենք գնալու վատը ավելի վատով փոխարինելու ուղիով։

Մանոյանի կարծիքով՝ համահայկական ուղևորությունն օգտակար էր նախագահի համար, և իր հետագա քայլերում Սերժ Սարգսյանն ավելի խիստ կլինի Թուրքիայի հանդեպ: «Նախագահը մի գիշերվա մեջ չէր արթնանալու և հայտարարեր, որ չի ստորագրելու»,- ասաց Մանոյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը` Մանոյանն ասաց, որ իրենց տեսակետերը չեն համընկնում. «Նրանք կարծում են, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կա, մենք կարծում ենք` ոչ.  նրանք ոչինչ չեն ասում սահմանների ճանաչման մասին: Միայն հանձնաժողովի ստեղծմանն ենք երկուսս էլ դեմ»

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply