ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԽԻՍՏ Է, վստահեցնում է ջութակահարուհի Սյուզի Երիցյանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 18, 2012 7:00

Ջութակահարուհի Սյուզի Երիցյանը միակն է իր հասակակիցների մեջ, որ շարունակում է ստեղծագործել մեր երկրում: Թե՛  նրա համադասարանցիները, թե՛ համակուրսեցիները, ավարտելով կոնսերվատորիան, իրենց հետագա կյանքը գտան եվրոպական երկրներում:

– Չեմ թաքցնում, որ մեկնելու հնարավորություններ շատ են եղել: Եթե ես շփման, հաղորդակցման հնարավորություններ չունենայի, գուցե ես էլ մեկնեի ընկերներիս պես մի որևէ եվրոպական երկիր: Բայց պետք է ասեմ, որ ամեն տարի բավական լուրջ փառատոների ու մրցույթների եմ մասնակցում, դեռ չեմ հաշվում մեր երկրում տեղի ունեցող բազում համերգները,- ասում է ջութակահարուհին:

Համաշխարհային լուրջ փառատոների նա սկսել է մասնակցել, երբ դեռ ուսանողուհի էր:

– Այդ տարիները ես երբեք չեմ կարող մոռանալ, որովհետև հենց այդ տարիներին կարողացա հանդիպել այն անվանի,  ճանաչված դեմքերին, որոնց հետ մի բեմում ելույթ ունենալը, չզարմանաք, նման էր երազանքի,- ժպիտով հիշում է Սյուզին:

Ջութակահարուհի Սյուզի Երիցյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում. մայրը դաշնակահարուհի է, հայրը` ջութակահար: Երբ դեռ 5 տարեկան էր, հայրն ու մայրը որոշում են, որ փոքրիկը պետք է ջութակ նվագել սովորի:

– Վստահ եմ` ծնողներս կհաշտվեին այն մտքի հետ, որ ասեի, ասենք, ուզում եմ այլ մասնագիտություն ընտրել: Կարծում եմ` ընտանիքս էր հիմնական ներշնչողը, որ ես էլ արվեստագետ դարձա:

Դժվար է պատկերացնել, որ 5-ամյա Սյուզին իր օրվա մեծ մասն ուրախությամբ նվիրում էր երաժշտությանը: Իր ասելով`  նրան շատ էին խրախուսում թե՛ հոգատար ու բարեհամբույր ուսուցիչները (դպրոցում` ՀՀ վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանը, կոնսերվատորիայում` պրոֆ. Արտաշես  Մկրտչյանը) և թե՛ ծնողները:

Սյուզին ընդունվում է Չայկովսկու անվան դպրոց, հետո էլ դիմում կոնսերվատորիայի ջութակի բաժին:

– Վերջնական ընտրությունը, իհարկե, իմն էր: Ես հասկացա, որ երաժշտությունն իմն է, ու այդ գիտակցության եկա դեռ 6 տարեկանում, երբ առաջին անգամ կանգնեցի բեմում ու ելույթ ունեցա,-ասում է ջութակահարուհին:

Այնուհետև Սյուզիին նկատում են դպրոցում ու առաջարկում, որ մասնակցի «Ամադեուս» երաժշտական մրցույթին: Աղջիկը ոգևորությամբ պարապում է, իսկ արդյունքը հենց առաջին մրցանակն էր, որին էլ հաջորդեցին բազում համերգները, մրցույթներն ու փառատոները:

Սյուզին իր հոր պատրաստած ջութակով համերգներ է տվել համարյա ամբողջ աշխարհում: Մեր այն հարցին, թե կապ պահպանում է արդյոք հայ անվանի ջութակահարների հետ, որոնք ապրում ու ստեղծագործում են արտերկրներում, ասում է.

– Ես ուղղակի չեմ կարող նրանց հետ կապ չունենալ, քանի որ նրանցից մեծ մասի հետ է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը: Լավ է, որ այսօր ինձ հետ են իմ երեք շատ նվիրված ընկերուհիները, մենք չափազանց կապված ենք միմյանց,- նշում է Սյուզին:

Նա ասում է, որ երաժիշտ ընկերներին տեսնում է հիմնականում համերգների ժամանակ:

– Դա, իհարկե, զամանալի չէ, քանի որ Երևանում շատ են համերգները, իսկ մենք մեկս մյուսին ճանաչում ենք, ու հանդիպման, շփման հիմնական վայրը  մեխանիկորեն համերգասրահներն են դառնում: Երաժիշտները շփման խնդիրներ կարծում եմ` չունեն, պարզապես պետք է մի քիչ ակտիվ լինել:

Ասենք, որ երիտասարդ ջութակահարուհին այսօր նաև դասախոսում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երբ խնդրեցինք համեմատել իր և ուսանողների սերունդները, նա ժպիտով ասաց.

– Ես նրանցից մի քանի տարով եմ ընդամենը մեծ, մենք համարյա հասակակիցներ ենք: Իհարկե, դա ավելի է պարտադրում, որ պահանջկոտ լինեմ նրանց նկատմամբ: Բայց, այնուամենայնիվ, չեմ թաքցնում, որ ես պահանջկոտ եմ նախ ինքս իմ նկատմամբ:

Սյուզին սիրով լսում ու ընդունում է նաև քննադատությունը, չնայած ասում է, որ այնքան  էլ չի հետաքրքրվում քննադատություններով:

– Երաժշտության ասպարեզում շատ է սուբյեկտիվ գնահատականը, քիչ են այն մարդիկ, որոնք օբյեկտիվ գնահատական կարող են տալ: Լսում եմ բոլորին, որոնք ինձ քննադատում են, հաշվի եմ առնում նրանց կարծիքները, որոնք գնահատում եմ: Ես մի գաղտնիք բացահայտեմ. Հայաստանի հանդիսատեսն առավել քան խիստ է, քննադատող:

Պարզվում է` այս ասպարեզում քիչ չէ նաև մրցակցությունը, նախանձողների պակաս էլ չկա:

– Ընդունում եմ առողջ մրցակցությունը, բայց եթե, իհարկե, հնարավոր է մրցակցել:

Հետաքրքրվեցինք, թե առհասարակ տանն ինչ ոճի երաժշտություն է սիրում լսել:

– Ամեն ինչ էլ լսում եմ մի սկզբունքով. տվյալ ոճի երաժշտությունը պետք է լինի ճաշակով: Անկեղծ, ավելի շատ արտասահմանյան կատարումներ եմ լսում, իսկ մեր էստրադայի ստեղծագործությունները լսում եմ այն ժամանակ, երբ հեռարձակում են,-ասում է ջութակահարուհին:

Երիտասարդ դասախոսը, երբ շաբաթվա վերջին հանգստի ժամանակ է ունենում, անցկացնում է ընկերուհիների շրջապատում, սիրում է զբաղվել նաև դիզայնով ու նորաձևությամբ, իսկ երեկոյան ժամերին հաճույքով կարդում է պոեզիա:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 1573 անգամ:
Print Friendly

Leave a Reply