Գարնանային մազաթափություն. պատճառները
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | April 14, 2012 12:25
Ինչո՞ւ է հատկապես գարնանը գեղեցիկ մազեր ունենալու թեման դառնում ամենաարդիականը: Պատասխանը շատ պարզ է: Ձմեռային հագուստներից ազատվելուց հետո մազերը համընդհանուր ուշադրության կենտրոնում են հայտնվում: Ձմեռվանից հետո մազերը հաճախ կորցրած են լինում փայլը, որակը, իսկ առավոտյան սանրի վրա մնացած մազերն ուղղակի օրդ փչացնում են, այնքան շատ են: Եթե այս տողերի հետ լուռ համաձայնում եք նույնը զգացած լինելու հիմնավոր պատճառով, ուրեմն եկել է մազերը կարգի բերելու ժամանակը: Փորձենք գտնել թվարկվածի մեղավորին:
Գարնանը մազերը թափվում են. ինչո՞ւ
Ցավոք, գարնանային մազաթափության համար հաճախ ինքներս ենք մեղավոր: Ինչպե՞ս: Ապա հիշեք. ձմեռ, ցուրտ, խոնավ մազեր, որոնք հաճախ չորացնում ենք վարսահարդարիչի ու հարդարանքի այլ պարագաների միջոցով: Ցուրտ քամի, երբեմն` առանց գլխարկի զբոսանք: Չի բացառվում, որ հակաբիոտիկ դեղորայք ընդունած լինեք կամ այլ դեղամիջոցներ մրսածության դեմ պայքարելու համար, գուցեև որոշել եք գարնան հետ խիստ սննդակագ պահպանել, որ նոր հագուստը շահեկան նստի: Հավանաբար միզամուղներ եք ընդունել ցանկալի քաշին արագ հասնելու համար:
Անբարենպաստ արտաքին պայմաններ, ներքին հիվանդությունների գարնանային սրացումներ, վիտամինների պակաս, իմունիտետի թուլացում: Մազերը կորցնում են խոնավությունը, բարակում, դառնում դյուրաբեկ ու փխրուն, խամրում են ու խճճվում: Հիշյալ բոլոր պատճառներն ուղիղ ազդեցություն և հետևանք են ունենում առողջության ու մազերի ուժի վրա:
Սակայն գարնանային ամենատհաճ երևույթն այն է, որ մազերը ոչ միայն վատ են աճում, այլև շատ են թափվում: Իսկ դա կատարվում է այն պատճառով, որ անբարենպաստ պայմաններում մազարմատներն ասես մահանում են, և աճի փուլին փոխարինում է հանգստի ու սպասման փուլը: Մազարմատների համար անբարենպաստ են ջերմաստիճանային տատանումները, սննդարար նյութերի պակասը, սթրեսները. ներքին հիվանդությունները (անեմիա), լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարումները: Մասնագետ բժիշկներն ասում են, որ մազերը կարող են թափվել շուրջ 50 պատճառով: Սակայն ամենատարածվածը թերևս չհավասարակշռված սնունդն ու հորմոնալ խանգարումներն են:
Չհավասարակշռված սնունդը կանանց էնդեմիկ հիվանդության պատճառ կարող է դառնալ, դա էլ` մազաթափություն առաջացնել: Խոսքը հիմնականում վերաբերում է սննդակարգերին, որոնք պահանջում են սպիտակուցների մեծ քանակ` բացառելով ածխաջրածինները: Երբեմն նկատվում է մազաթափություն սննդակարգին հետևելու առաջին շաբաթներին: Հաճախ կանայք այդ երևույթը չեն կապում իրենց սննդակարգի հետ: Եթե սանրվելուց հետո թափված մազերի քանակը ձեզ անհանգստություն է պատճառում, ապա խորհրդակցեք բժշկի հետ, նա կփորձի բուժել ներքին հիվանդություններն ու վերացնել մազաթափության պատճառը:
Հաճախ մազաթափության պատճառը կարող է ավելի լուրջ լինել, ինչպիսին, ասենք, նյութափոխանակության խանգարումն է, որը հանգեցնում է հորմոնալ հավասարակշռության խանգարման: Դա էլ իր հերթին հանգեցնում է մազարմատի կծկման` մազը զրկելով լիարժեք սննդից: Այս երևույթի հետևանքով մազերը բարակում են ու դանդաղում կամ էլ լրիվ կարծես դադարում է դրանց աճը: Ժամանակի հետ շատ մազարմատներ պարզապես մահանում են ու հետո վերջնականապես թափվում` հանգեցնելով գլխի որոշ հատվածների ճաղատացման: Դրանից խուսափելու համար հարկավոր է ժամանակին պարզել մազաթափության պատճառը ու վերականգնել առողջ մազածածկույթը:
Ի՞նչ կարելի է անել
Առաջին հերթին վերանայեք սննդակարգը: Կերատինային թեփուկների ամրացման, գլխամաշկի արյան շրջանառության բարելավման ու մազերի խոնավացման համար ամենօրյա սննդի մեջ պետք է տեղ ունենան А, Е, և В խմբի վիտամինները, ինչպես նաև սելենով, կրեմնիումով, արծաթով, կալցիումով, չհագեցած ճարպային օմեգա-թթուներով ու սպիտակուցներով հարուստ մթերքներ:
Մազարմատներին շատ օգտակար է գլխամաշկի մերսումը, որն արյան շրջանառությունն է լավացնում մազարմատներում, բարակացնում ենթամաշկի ճարպաշերտը և արագացնում մազերի աճը:
Այս նպատակի համար արդյունավետ են ժողովրդական միջոցները, գերչակի յուղը, կաղնու կեղևի ու նեխուրի արմատների եփուկները:
Իսկ եթե մազարմատները կորցրել են վերականգնվելու պաշարները, և մազաթափությունն աղետալի չափերի է հասնում, միայն բժշկի միջամտությունը կթեթևացնի ձեր հոգսը:
Իսկ գերչակի ձեթից պատրաստուկ կարելի է ստանալ հետևյալ կերպ. մեկ ձվի դեղնուցը խառնել նույնքան ձեթի հետ, մի քանի կաթիլ հալվեի հյութ ավելացնել, ապա մեկ թեյի գդալ մեղր խառնել (եթե ունեք): Պատրաստուկը քսել գլխին ու փաթաթել, որ տաք լինի ու տաքության հետ հեշտ ներմերսվի, թողնել մեկ ժամ, ապա լվանալ սովորականի նման:
Գեղեցիկ մազերը երջանկություն են:






Facebook
Tweet This
Email This Post
